
Երևանի թիվ 8/24 ընտրատեղամասի հարակից տարածքում հունիսի 7-ին տեղի ունեցած դանակահարության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից)։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, գրում է Factor.am-ը:
Հունիսի 7-ին թիվ 8/24 ընտրատեղամասի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում դանակահարվել է 27-ամյա երիտասարդ։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ հետագայում մահացել է։
Դեպքի վերաբերյալ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնել էր, որ հունիսի 7-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն բժշկական կենտրոններից մեկից ահազանգ էր ստացվել, որ ժամը 19.55-ին կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի երիտասարդ։ Պարզվել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։
«Ոստիկանների օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։ Դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները հայտնաբերվել և ձերբակալվել են։ Դեպքից որոշ ժամանակ անց ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է»,-ասվում է հաղորդագրության մեջ: