12 հունիսի 2026 - 10:42 AMT
ԿԸՀ-ն 2 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր է ճանաչել

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել խորհրդարանական ընտրությունների ընթացքում 2 ընտրատեղամասում գրանցված քվեարկության արդյունքները։

Խոսքն այն տեղամասերի մասին է, որտեղ 20:00-ից հետո զինծառայողներ են քվեարկել:

Հանձնաժողովն անվավեր է ճանաչել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 10/51 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 35/65 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։

Հանձնաժողովը որոշել է թիվ 10/51 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը՝ 1287, արձանագրել որպես թիվ 10/51 տեղամասում անճշտությունների գումարային չափ:

Թիվ 35/65 տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը՝ 1315 (հազար երեք հարյուր տասնհինգ) արձանագրվել են որպես թիվ 35/65 տեղամասում անճշտությունների գումարային չափ:Թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի արձանագրությունների մյուս արդյունքները (թվերը), բացառությամբ անճշտությունների չափերի, արձանագրվել են 0 (զրո):

Թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի նյութերն ուղարկվել են դատախազություն։

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ վերաքվեարկություն իրականացնելու որոշում կայացնելը պարտադիր չէ, հայտնում է Factor.am-ը:

ԸՕ-ի 72-րդ հոդվածի 6-րդ մասում նշված է․«Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչված ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները (թվերը), բացառությամբ անճշտությունների չափի, արձանագրվում են 0»։ 95-րդ հոդվածի համաձայն էլ, երբ ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների վերջնական արդյունքները, կարող է ընդունել որոշում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին:

ԸՕ 101 հոդվածը սահմանում է, թե երբ է կայացվում վերաքվեարկություն անցկացնելու որոշում։ «Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն»,-նշված է օրենսգրքում։

Ինչպիսի պատկեր է արձանագրվել Երևանի 10/51 և Սյունիքի մարզի 35/65 ընտրատեղամասերում։ 10/51-ում ՔՊ-ն 630 քվե է ստացել, «Հայաստան» դաշինքը` 122 քվե, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 222 քվե։ Իսկ ահա 35/65-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 593 քվե, «Հայաստան» դաշինքը՝ 148, իսկ «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 306 քվե։

Եթե այս քվեները դուրս գան նշված կուսակցությունների ընդհանուր ձայներից, գուցե նրանց համար էական փոփոխություն չլինի, պատկերն այլ է սակայն ԲՀԿ-ի դեպքում, քանի որ այդ ուժը պայքարում է չորս տոկոսի շեմը հաղթահարելու և ԱԺ անցնելու համար։

Այս 2 ընտրատեղամասերում ընդհանուր ԲՀԿ-ն ունի 213 քվե։ Չի բացառվում, որ սա վճռորոշ լինի ԲՀԿ-ի համար։

ԿԸՀ-ից դեռ չեն հայտնել, թե վերաքվեարկություն կիրականացվի այդ տեղամասերում, թե՝ ոչ։

Անդրադառնալով այս թեմային՝ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է, որ քվեարկության չեղարկման արդյունքում ՔՊ-ն կորցնում է 1224 քվե:

«Զինվորների քվեարկությամբ պայմանավորված՝ ընդդիմության բարձրացրած հիստերիայի արդյունքում չեղարկվում են 2 տեղամասի արդյունքներ, որոնցում ՔՊ-ն հանրագումարով ուներ 1224 քվե։

Ցանկացած մի անգամ, երբ այս ընդդիմությունը առաջիկա հինգ տարիներին կարտասանի «բանակ» կամ «զինվոր» բառերը, նրանք պիտի հիշեն, որ հերթափոխից իջած ու քվեարկած զինվորների ձայնն անվավեր սարքելու պրոցես են գեներացրել»,-նշել է նա:

Հայտնի է դարձել նաև, որ վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել:

8/35 ընտրատեղամասում իրականացված վերահաշվարկը վերաբերել է ԲՀԿ-ի ներկայացրած տվյալներին, ըստ որոնց իրենց քաղվածքում նշված է եղել 33 ձայն, մինչդեռ արձանագրված է եղել 13-ը, հայտնում է Radar Armenia-ն:

Վերահաշվարկից հետո հաստատվել է, որ ճիշտ ցուցանիշը 13-ն է։ Ըստ երևույթին՝ վստահված անձը կամ մեկ այլ անձ 1-ը դարձրել է 3։ Բոլոր քաղվածքներում և արձանագրություններում հստակ նշված է 13, և այդ տվյալը մնացել է անփոփոխ։

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։