
ԲՀԿ-ն հայտարարել է, որ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն ստացել է մեծ թվով քվեներ: Այդ մասին ասվում է կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանի հայտարարության մեջ:
«Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն։ Գիշերվա կեսին, մթության քողի տակ, գաղտագողի կայացված այս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ–ին ուղղված հարված էր, որի նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է։
Ակնհայտ է, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել է մեծ թվով քվեներ։ Սա ընտրողների ձայների գողության ամենացայտուն դրսևորումն է, որը հերթական անգամ ապացուցում է, որ տեղի ունեցող գործընթացը որևէ առնչություն չունի արդար և թափանցիկ ընտրությունների գաղափարի հետ և կասկածի տակ է դնում ընտրության ամբողջ գործընթացի օրինականությունը։ Ընդունված որոշմամբ ամենակոպիտ ձևով ոտնահարվում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ ազատորեն արտահայտված կամքը»,-ասվում է գրառման մեջ:
Տոնոյանը հավելել է, որ ԲՀԿ-ն բոլոր հնարավոր օրինական և իրավական միջոցներով պայքարելու է այս հակաօրինական գործընթացի դեմ։
«Արդեն վաղը բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ամբողջ իրավական գործիքակազմը՝ կանխելու և կասեցնելու այսպիսի կամայականությունները»,-ասվում է հայտարարության մեջ:
Տոնոյանը նաև կոչ է արել բոլոր մտահոգ քաղաքացիներին, ԲՀԿ-ի համակիրների 13:00-ին հավաքվել ԿԸՀ մոտ՝ իրենց «արդարացի բողոքի ձայնը բարձրացնելու տեղի ունեցող անարդարությունների ու ամենաթողության դեմ»։
«Մեր քաղաքացիներից խլում են իրենց ազատ կամարտահայտման իրավունքը և ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա»,-գրել է նա:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ «եթե ԿԸՀ-ն ու ՔՊ-ն կրկնաընտրություն չնշանակեն այդ 2 ընտրատեղամասերում, հատելու են բոլոր կարմիր գծերը»:
«ԿԸՀ-ն ընտրել է 2 տեղամաս, որտեղ ԲՀԿ-ն ամենաշատ ձայներն ունի, ու այդ տեղամասերի արդյունքները չեղյալ է հայտարարել»,-հայտարարել է Նարեկ Կարապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով երկու ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշմանը, ասել է, որ «ԿԸՀ-ն իրականացրել է նոր մասշտաբի խուժանություն»:
«Նիկոլը որ ասում էր՝ ես ձեռքս կկտրեմ, բայց ժողովրդի քվեին ձեռք չեմ տա, հիմա ինչքան վերջույթ ունի՝ պետք է հեռացնի»,-նշել է Սաղաթելյանը։
«Միասնության թևերի» ղեկավար Արման Թաթոյանը ևս գրել է, որ ՔՊ-ն զբաղված է քաղաքացիների ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով։
«3561 և 1051 տեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակը հենց դա է: Այս ընթացքում ԲՀԿ-ի ղեկավարի նկատմամբ անօրինական ճնշումների նպատակն էլ հենց դա էր` ունենալ սահմանադրական պաշտոններում նշանակելու ու ազատելու համար անհրաժեշտ պատգամավորներ, սահմանադրական օրենքներ ընդունելու հնարավորություն»,-հայտարարել է նա։
Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ-ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Արդյունքում ԲՀԿ-ն ընդհանուր հաշվով կորցրել է 213 ձայն, և խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը հաղթահարելու հնարավորություններն ավելի է նվազել։