15 հունիսի 2026 - 16:40 AMT
Մանուկյանը դիմել է ԱԱԾ․ Ինչպես է «Զվարթնոցի» հատուկ տարածքի տեսանկարահանումը հայտնվել ՀԺ-ի տելեգրամյան էջում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատգամավորական հարցում է ուղղել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ պարզելու, թե «ինչպես է «Զվարթնոցի» հատուկ վերահսկվող տարածքից արված տեսանկարահանումը հայտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող ՀԺ-ի տելեգրամյան էջում»: Այդ մասին Գեղամյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Թերևս հարցադրումներս հռետորական են, քանի որ վաղուց հայաստանյան իրավապահ համակարգը դարձել է Նիկոլի իշխանությանը և կամակորություններին սպասարկող անօրինական գործունեություն իրականացնող հաստատություն։

Ի դեպ, նման բովանդակությամբ հարցում առաջին անգամ չէ, որ հղում եմ Ազգային անվտանգության ծառայությանը։ Բազում անգամներ Ազգային ժողովում բարձրաձայնել եմ այն դեպքերի մասին, երբ քաղաքական նպատակներով, հատուկ պահպանվող տարածքներից՝ ՀՀ Ազգային ժողովից, «Զվարթնոց» օդանավակայանից տեսագրությունները հայտնվում իշխանական քարոզչամեքենային ձեռքում։

Հ.Գ. ի դեպ, ստացել եմ բազում ահազանգեր, որ ընտրություններին նախորդած մի քանի օրը ՀՀ սահմանային անցակետերում հայտնված ռազմական ոստիկանության հաշվառումների հիման վրա մի քանի հազար մեր հայրենակիցների Հայաստանի տարածքից ելքի վրա դրված է արգելք, որն օրենքի կոպտագույն խախտում է ու ծանր քրեական հետևանքներով լի։ Նիկոլը բոլորին փորձում է իր հանցագործություններին դարձնի մեղսակից»,- հայտնել է Գեղամ Մանուկյանը։

«Հայկական ժամանակը» հրապարակել էր լուսանկարներ և տեսանյութ, որտեղ երևում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանում՝ անձնագիրը սահմանապահին ցույց տալիս: Քոչարյանի ելքը երկրից արգելվել է, թեև նրա այցի մասին նախապես էր հայտարարվել: