Ռուբինյան. Ընտրակաշառք բաժանողերը բոլորը պետք է ձերբակալվեն՝ կոչ եմ անում գնալ մինչև վերև

Ռուբինյան. Ընտրակաշառք բաժանողերը բոլորը պետք է ձերբակալվեն՝ կոչ եմ անում գնալ մինչև վերև

PanARMENIAN.Net - Ընտրակաշառք բաժանողերը բոլորը պետք է ձերբակալվեն, բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային «տասովշիկների», պետք է գնալ մինչև վերև, հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին՝ գնալ մինչև վերև, որովհետև բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային «տասովշիկների», պետք է գնալ մինչև վերև: Ինձ համար և ցանկացած բանական մարդու համար ակնհայտ է, որ ուղղակի մի «տասովշիկ» չէր կարող զարթնել և որոշել, որ ինքը պետք է ընտրակաշառք բաժանի իր շենքի բնակիչներին»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այդ «տասովշիկին» այդ գումարները տվել են:

«Ակնհայտ է, որ տալիս հրահանգել են, ասել են՝ էս քեզ փող, կգնաս և կմուծես, որպեսզի ընտրեն մեզ: Ինձ համար ակնհայտ է, որ պատասխանատվություն են կրում երեք կուսակցությունները՝ «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստանը»: Ինձ համար ակնհայտ է, որ այդ կուսակցությունների ղեկավարությունն է կազմակերպել և ուղղորդել այդ ընտրակաշառքները, և ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին բացահայտել այս սխեման»,- ասել է Ռուբինյանը:

Նա հավելել է, որ ՔՊ-ն ստացել է 720 հազարից ավելի քվե:

«Մենք ստացել ենք ավելի շատ քվե բացարձակ թվով, քան 2021 թվականին: Տոկոսայինով մենք ստացել ենք այնքան քվե, որը բավարար է միանձնյա կառավորություն կազմելու համար: Ես ուզում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանում արդեն երրորդ անգամ անընդմեջ ազատ և արդար ընտրությունների արդյունքով»,-ասել է նա:

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։

 Ուշագրավ
---