17 հունիսի 2026 - 14:43 AMT
Փոխնախարար. Համաձայն չենք, որ ոչ աշխատանքային օրերն ավելացվեն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գտնում է, որ ոչ աշխատանքային օրերի ավելացումը նպատակահարմար չէ և կարող է ազդեցություն ունենալ տնտեսության վրա։ Այդ մասին Ազգային ժողովում ասել է փոխնախարար Լուսինե Քոչարյանը՝ անդրադառնալով տոնական օրերի վերաբերյալ առաջարկներին:

«Կա մի կարևոր դրույթ, որը վերաբերում է տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերը ոչ աշխատանքային դարձնելուն․ իրականում մենք՝ նաև որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, համաձայն չենք, որ ոչ աշխատանքային օրերը ավելացվեն։ Դրանք ապացուցված են․ նաև շատ երկրներում հետազոտություն է արվել, որ դրանք ազդում են տնտեսական աճի՝ ՀՆԱ-ի վրա»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:

Նա հայտարարել է, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները հանձնաժողովում մանրամասն քննարկվել են։

«Առաջինը՝ արդեն հեղինակը բարձրաձայնեց․ դա Քաղաքացու օրը կամ տիկին Տիգրանյանի առաջարկով ձևակերպելն է, կամ ֆիքսենք հատուկ օր և խուսափենք այս համընկնումներից։

Երկրորդը՝ Երևանի օրը խնդրում ենք չտեղաշարժել և, ինչպես որ 1968 թվականից նշվում է, այդ ժամանակահատվածում նշել Երևանի օրը, քանի որ դրա վերաբերյալ և՛ ֆիլմեր կան, և՛ մշակութային այլ արտադրանք կա, և հստակ ֆիքսված է հոկտեմբերը, նաև ինքը եղանակային պայմաններով է հարմար Երևանի, այսպես ասած, տոնը նշելուն»,-ասել է նա։

Փոխնախարարը նշել է, որ քննարկվող նախաձեռնության առանձին դրույթներ լրացուցիչ վերանայման կարիք ունեն, և այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն մինչև նախագծի երկրորդ ընթերցումը։