22 հունիսի 2026 - 16:59 AMT
Գյումրի-Մոսկվա չվերթի արտակարգ վայրէջքի պատճառը հերմետիկության խախտման ցուցիչն է եղել

«Պոբեդա» ավիաընկերության Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավի՝ Մախաչկալայում արտակարգ վայրէջք կատարելու նախնական պատճառը եղել է հերմետիկության խախտման ցուցիչի սխալ գործարկումը։

ՌԴ համապատասխան մարմինները միջադեպի առնչությամբ նախաքննական ստուգում են նախաձեռնել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նախնական պարզվել է, որ հունիսի 22-ին ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Արտակարգ վայրէջքի նախնական պատճառը ապահերմետիկացման ցուցիչի սխալ գործարկումն է եղել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Flightradar ծառայության տվյալներով Boeing ինքնաթիռը Գյումրիից մեկնել է Մոսկվայի ժամանակով ժամը 11:24-ին։ Թռիչքից մոտ մեկ ժամ անց, երբ օդանավը գտնվել է Դաղստանի տարածքի վրա, այն փոխանցել է general emergency տագնապի ազդանշան և իջել մոտ 3 հազար մետր բարձրության։ Հետագայում հայտնի է դարձել, որ օդանավն ուղղորդվել է դեպի Մախաչկալայի օդանավակայան, որտեղ և վայրէջք է կատարել: