30 հունիսի 2026 - 19:06 AMT
Երևանում խստացվում է շինարարական փոշու նկատմամբ վերահսկողությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ուժեղացնում է շինարարական աշխատանքների ընթացքում մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողությունը։

ԲԸՏՄ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է իրազեկման հանդիպում Երևանի քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուների և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավար կազմի հետ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքում մթնոլորտային օդի պահպանությանը, փոշու արտանետումների նվազեցմանը և կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը։

ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունավետ կազմակերպումը՝ ընդգծելով, որ շենքերի արտաքին երեսապատման, սալիկների հղկման, եզրաքարերի տեղադրման, ինժեներական և կոմունիկացիոն ենթակառուցվածքների կառուցման, ինչպես նաև գետնանցումների վերանորոգման ընթացքում անհրաժեշտ է խստորեն պահպանել բնապահպանական նորմերն ու պահանջները։

Խորհրդակցության ընթացքում ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը և Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը պայմանավորվել են վարչական շրջանների պատասխանատուների ներգրավմամբ Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացնել համատեղ վերահսկողական միջոցառումներ։

Նախատեսվող թիրախային ստուգայցերի նպատակն է բարձրացնել բնապահպանական պահանջների պահպանման մակարդակը, կանխարգելել փոշու արտանետումները, ապահովել իրավախախտումների վաղ բացահայտումը և խթանել տնտեսավարող սուբյեկտների կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների լիարժեք պահպանումը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է, որ շարունակելու է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ իրականացնել հետևողական վերահսկողություն՝ նպաստելով Երևանի մթնոլորտային օդի որակի բարելավմանը։