1 հուլիսի 2026 - 10:53 AMT
Շարունակվել է Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների քննությունը Բաքվի վերաքննիչ դատարանում

Հունիսի 30-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի և մյուսների վերաքննիչ բողոքների քննությունը։

Սկզբում նշվել է, որ Մադաթ Բաբայանի և Դավիթ Բաբայանի իրավունքները պաշտպանող երկու փաստաբաններից մեկականը առողջական խնդիրների պատճառով չեն կարողացել մասնակցել դատական նիստին։ Այդ պատճառով գործընթացի մասնակիցներին տեղեկացվել է, որ օրենսդրության պահանջներին համապատասխան նրանց պետական միջոցների հաշվին նշանակվել են նոր պաշտպաններ, հայտնում է APA-ն:

Դավիթ Իշխանյանը դիմել է դատարանին՝ հայտնելով, որ ցանկանում է ներկայացնել դատական նիստերի արձանագրություններին ծանոթանալուց հետո իր պատրաստած դիտողությունները։

Նրան պատասխանել են, որ, քանի որ արձանագրությունների վերաբերյալ դիտողությունները ներկայացված չեն ադրբեջաներեն լեզվով, դրանք պետք է թարգմանելուց հետո ներկայացվեն դատարան։ Նշվել է նաև, որ դիտողությունները պետք է ներկայացվեն ոչ թե բանավոր, այլ գրավոր և ադրբեջաներեն լեզվով։ Թարգմանությունից հետո դրանք պետք է տրամադրվեն նաև մեղադրող կողմին՝ դատական մրցակցային գործընթացում կողմերի հավասարությունն ապահովելու նպատակով։

Դավիթ Իշխանյանը խնդրել է պայմաններ ստեղծել, որպեսզի իր դիտողությունները փոխանցվեն թարգմանչին։ Դատարանի նախագահողը հայտարարել է, որ դրա համար նրան համապատասխան հնարավորություն կտրամադրվի։

Այնուհետև Դավիթ Բաբայանը խնդրել է պայմաններ ստեղծել, որպեսզի կարողանա ծանոթանալ իր նորանշանակ պաշտպանին։

Դրանից հետո դատական նիստը շարունակվել է պաշտպանական կողմի ելույթներով՝ վերաքննիչ բողոքների հիմնավորման վերաբերյալ։

Մեղադրյալ Դավիթ Ալավերդյանի պաշտպանը դատարանին խնդրել է իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման վճիռ։ Ալահվերդյանը հայտարարել է, որ աջակցում է իր պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքին և համաձայն է դրանում բերված հիմնավորումներին։

Այնուհետև ելույթ է ունեցել Մելիքսեթ Փաշայանի պաշտպանը։ Նա դատարանին խնդրել է բեկանել նրա նկատմամբ 2026 թվականի փետրվարի 5-ի մեղադրական դատավճիռը և կայացնել արդարացման վճիռ։ Իր հերթին Մելիքսեթ Փաշայանը հայտարարել է, որ պաշտպանում է իր փաստաբանի ներկայացրած դիրքորոշումը և իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում։

Դրանից հետո ելույթ է ունեցել Դավիթ Իշխանյանի պաշտպանը, որը նույնպես դատարանին խնդրել է բեկանել 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը և արդարացնել իր պաշտպանյալին։

Ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվել է։

Կրկին ելույթ ունենալով՝ Դավիթ Իշխանյանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով քրեական գործի նյութերին կցել իր կողմից պատրաստված վերաքննիչ բողոքի և դիմումի կրկնօրինակները։ Նա նաև նշել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ։

Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 3-ին։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։