2 հուլիսի 2026 - 12:25 AMT
Ֆոն դեր Լայեն․ Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով

Եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների համար՝ 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում։

Տնտեսական երաշխիքներից բացի, ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն նաև նախատեսել է զգալի ներդրումներ կատարել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերում, հայտնում է Factor.am-ը:

«200 միլիոն եվրո ենք տրամադրել, որը լծակների կիրառմամբ կարող է հասցվել մինչև 2 միլիարդ եվրոյի։ Սրանք կարևոր են այս տարածաշրջանում փոխկապակցվածության համար»,- ընդգծեց ֆոն դեր Լայենը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրին՝ ընդգծելով, որ վերջին երկու ամիսների ընթացքում սա նրա երկրորդ այցն է Հայաստան, ինչը վկայում է երկկողմ պայմանավորվածությունների գործնական կյանքի կոչման մասին։

Փաշինյանի խոսքով՝ ԵՄ աջակցությունն ավելացրել է հանրային վստահությունը Հայաստան-ԵՄ համագործակցության նկատմամբ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում հայտարարել է, որ Եվրամիությունը 20 միլիոն եվրո արժողությամբ նոր ծրագիր կմեկնարկի, որն ուղղված է խաղաղության խթանմանը տարածաշրջանում։ Նա հայտարարել է նաև, որ ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո դրամաշնորհ է տրամադրելու Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար։ Ըստ նրա՝ նախագծերը կարող են ներառել, օրինակ, Նախիջևանով երկաթուղային հաղորդակցության ստեղծումը և Բաքվի նավահանգստի զարգացումը: