3 հուլիսի 2026 - 11:39 AMT
Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարացվել է ևս 2 ամսով

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ։

Նրա պաշտպան Հրանտ Անանյանը անարդար է համարում Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի կայացրած որոշումը, գրում է «Ա1+»-ը:

Պաշտպանը հիշեցրել է, որ նախորդ կալանքի նիստի ժամանակ նույն դատարանի մեկ այլ դատավոր մասնակի էր բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը՝ նշելով, որ նման գործի պարագայում մեկ ամիսը բավարար է քննչական գործողություններ իրականացնելու համար՝ հաշվի առնելով գործողությունների ծավալը։

«Փաստորեն Հակակոռուպիոն դատարանը չի հարգել իր որոշումը»,- նշել է պաշտպան Հրանտ Անանյանը։

Պաշտպանը իր 3 ժամանոց ճառում մանրամասն ներկայացնել է Գագիկ Բեգլարյանի կալանքի շարունակական և խիստ մեկուսացման մեջ պահելու անհիմն լինելը։

Կալանքի որոշումը հրապարակելուց հետո, ըստ օրենքի, երեք ժամում որոշումը պետք է տրամադրվի կողմերին։ Հրանտ Անանյանն այստեղ էլ է խնդիր տեսնում, անցել է համարյա 24 ժամ, սակայն որոշումը չի տրամադրվել իրենց։ Այն ստանալուց հետո բողոք է ներկայացնելու Վերաքննիչ դատարան։

Գագիկ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել 2012 թ․ ենթադրյալ ապօրինի պաշտոնական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Նա հունիսի 5-ից անազատությաան մեջ է եւ չի ընդունում մեղադրանքը։