6 հուլիսի 2026 - 10:33 AMT
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի մանդատները

«Ուժեղ Հայաստան» դաշինքը կվերցնի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացած մանդատները: Այդ մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։

«Մենք եկանք մի հայտարարի, որ ճիշտը մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է և Ազգային ժողովում ներկայացված լինելը, ինչը վաղը կաջակցի փողոցային պայքարին»,–հայտարարել է Կարապետյանը։

Նա նշել է, որ որոշումն ընդունելուց առաջ քննարկել են 2 սցենար։

«Առաջինը՝ գնում ենք Ազգային ժողով և դրանով օրենսդիրում ունենում ենք ներկայացվածություն, երկրորդը՝ չենք գնում Ազգային ժողով և չենք ունենում օրենսդիրում ներկայացվածություն։ Նայեցինք փողոցային պայքարի տարբերակը։ Եթե փողոցում հայտնվում է 70-80 հազար մարդ, ապա այդ պարագայում մենք Ազգային ժողովում չենք ունենում գրեթե մեկ պատգամավոր, որը կքվեարկի մեր բերվող փոփոխության օգտին։

ՔՊ-ի և ընդդիմության ձայների համամասնության տարբերությունն այնքան շատ է լինում, որ գործնականում անհնար կլինի օրենսդիրի միջոցով իշխանության գալ փողոցային պայքարի արդյունքում։ Եթե գնում ենք օրենսդիր և չի լինում փողոցային պայքար, այդ ժամանակ գրեթե անհնար է բանակցային պրոցեսների միջոցով իշխանական պատգամավորներին բերել այն կարծիքին, որ պետք է փոփոխություն։

Այդ պատճառով մենք եկանք կարևոր եզրահանգման՝ որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան՝ փողոցային պայքար և Ազգային ժողովում ընդդիմության մեծ ներկայացվածություն։ Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության։ Իհարկե, դա պետք է լինի մեկ անգամ, մեկ օր և վերջնական»,-ասել է նա:

Կարապետյանը հավելել է, որ չեն պատրաստվում մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ երբ չեն տեսնում հնարավորությունը մեծ փոփոխության։

«Պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ կտեսնենք, որ փոփոխության հնարավորությունը մոտ է։ Օրենսդիրի և փողոցի համակցության արդյունքում մենք կունենանք լեգիտիմ և խաղաղ փոփոխություն»,- ասել է Կարապետյանը։

Նա հավելել է, որ ընտրությունները ցույց տվեցին մեկ բան՝ Հայաստանի ժողովուրդը մերժել է եկեղեցու դեմ տարվող պայքարը, ազգային ինքնության թուլացման քաղաքականությունը, մերժել է Սահմանդրությունը փոփոխելու, ազգային շահերի հաշվին զիջումների գնալու ծրագիրը։

«Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները: Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, նա առաջին անգամ կորցրեց ժողովրդի մեծամասնության վստահությունը»,-ասել է նա:

Նա նաև նշել է, որ «Ուժեղ Հայաստանը» մասնակցելու է համայնքային ընտրություններին և շարունակելու են ընդլայնել ժողովրդի վստահությունը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով ներկայացրել է, թե, իր գնահատմամբ, ինչ հետևանքների է հանգեցրել ընդդիմության կողմից մանդատները չվերցնելը։

«2024-ին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը և չվերցնել իր մանդատները՝ փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։

Սակայն արդյունքը եղավ հակառակը. միատարր խորհրդարանն ու ընդդիմության բացակայությունը ոչ թե թուլացրին, այլ ավելի ամրապնդեցին իշխող ուժին, որի վարկանիշը 2026 թվականին հասել է ռեկորդային 56%-ի»,-գրել է նա:

Սահմանադրական դատարանը մերժել է 7 ուժերի հայցը. այսպիսով, ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: