14 հուլիսի 2026 - 10:47 AMT
Կոստանյանն ու Տոմատը քննարկել են Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության հետ կապված հարցերը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում անցկացվել է կլոր սեղան՝ նվիրված Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելությանն առնչվող հարցերի քննարկմանը, որին մասնակցել են ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատը:

Մասնակցիների թվում էին նաև ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուն։

Համատեղ միջոցառումը համընկել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկի վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշման ընդունման հետ։

Նշվել է, որ Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկը նոր ու կարևոր էջ է բացում Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությունում։ Այս առաքելության միջոցով ԵՄ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և ինստիտուցիոնալ կարողություններին՝ շարունակաբար զարգացող մարտահրավերների պայմաններում։

Ռազմավարական խորհրդատվության, տեխնիկական փորձագիտության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով Առաքելությունը սերտորեն համագործակցելու է Հայաստանի հաստատությունների հետ՝ քաղաքականության շրջանակներն ամրապնդելու, մանդատի շրջանակներում Կառավարության կարողությունները բարելավելու և միջգերատեսչական համակարգմանն աջակցելու համար։

Միջոցառումը մասնակցում էին քաղհասարակության, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ և փորձագետներ, ում ներկայացվել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը՝ որպես Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն աջակցող գործընկեր:

Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում զարգացող սպառնալիքների, մասնավորապես՝ կիբերսպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտության, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ Հայաստանի դիմակայունության ամրապնդման շուրջ։

Եվրոպական խորհուրդը հաստատել է Անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում Հայաստանում նոր գործընկերային առաքելության տեղակայման որոշումը։ Այս խորհրդատվական քաղաքացիական առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ բարելավելու երկրի դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և բարձրացնելու անվտանգության փոփոխվող մարտահրավերներին դիմակայելու կարողությունը: