15 հուլիսի 2026 - 11:13 AMT
Թանդիլյան․ Նույնիսկ հստակ տեղեկություն չունենք, թե ինչ վիճակում են մեր գերիները

Հայաստանում նույնիսկ հստակ տեղեկություն չունենք, թե ինչ վիճակում են մեր առնվազն 19 գերիները՝ չգիտենք, թե ինչի միջով են անցնում նրանք, ինչ առողջական վիճակում են, ինչ պայմաններում են պահվում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով փաստաբան Լուսիանա Մինասյանի ահազանգին գերության մեջ գտնվող Լյուդվիգ Մկրտչյանի վիճակի վերաբերյալ:

«Բաքվի բանտում, մենակության մեջ, կյանքի համար պայքարում է Լյուդվիգ Մկրտչյանը։ Փաստաբան Լուսիանա Մինասյանն է ահազանգում։․․․

Վտանգված են այդ մարդկանց կյանքն ու առողջությունը, և դա մնալու է բոլոր նրանց խղճին, ովքեր կարող են նպաստել գերիների վերադարձին կամ գոնե տեղեկություններ ստանալ նրանց վիճակի մասին, բայց չեն անում։ Բոլոր նրանց, ովքեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկում են ամենատարբեր հարցեր, սակայն չեն խոսում այդ մարդկանց ճակատագրի մասին։

Իսկ գերիների ճակատագիրն անձնական հարց չէ, քաղաքական հարց էլ չէ։ Սա մեր ազգային արժանապատվության հարցն է։ Չեմ ուզում հավատալ, որ մենք վերջնականապես կորցնում ենք մեկս մյուսի ցավով ապրելու զգացումը։ Չեմ ուզում հավատալ, որ կարող ենք սովորել մեր գերիների մասին մոռանալ, մինչ նրանք ադրբեջանական բանտերում շարունակում են պայքարել ապրելու համար։

Անտարբեր մի՛ եղեք։ Բարձրաձայնե՛ք, պահանջե՛ք, հիշեցրե՛ք։ Մեր հայրենակիցները չպետք է մնան մենակ։ Նրանց հետ տեղի ունեցող կամ հնարավոր ցանկացած դժբախտություն ծանրանալու է բոլորիս խղճին»,-գրել է նա:

Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է կյանքի համար: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Լուսիանա Մինասյանը։ Նա հավելել է, որ սա միտումնավոր բժշկական անփութություն է 2020 թվականին գերեվարված ռազմագերու նկատմամբ:

«Նրա սիրտն ախտահարված է. ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկցիա+աորտայի անբավարարություն, կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և արյան բարձր ճնշում: Այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին եզրակացւթյան ետևում: Ոչ մի իրական բուժում»»,- գրել է Մինասյանը։