
ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստանի» ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու դատախազության միջնորդությունը չի մերժել, այլ վերադարձրել է, հայտարարել է հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Ըստ նրա՝ արձանագրվել է, որ դրա քննարկումը չի մտնում հանձնաժողովի լիազորությունների մեջ:
«Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունն՝ անհրաժեշտ եմ համարում իրազեկել․ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում չի մերժել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է վերադարձնել համապատասխան միջնորդությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջնորդվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշմամբ, որով Բարձր դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «(․․․) գ) անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։
Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ (․․․)»։ Ըստ այդմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է»,- գրել է Հովակիմյանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությանը։ Այդ մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել 2 միջնորդություն՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ 2-րդ միջնորդությունը վերադարձվել է, չի ընդուընվել: