
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանի և մյուսների գործով հուլիսի 24-ին դատական նիստ է նշանակվել։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից, տեղեկացնում է Factor.am-ը:
Ղազինյանը ենթադրյալ ընտրակաշառքի գործով շարունակում է գտնվել կալանքի տակ։
Հուլիսի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքով պատգամավոր դարձած Արամ Վարդևանյանը հայտնել է, որ միջնորդություն են ներկայացրել Ղազինյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն անհապաղ վերացնելու վերաբերյալ, քանի որ, ըստ Վարդևանյանի, պատգամավորի կարգավիճակ ունեցող Ղազինյանը չի կարող գտնվել կալանքի տակ։
Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Ղազինյանը, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, հանդես գալով նշված դաշինքի անունից, 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված 9-րդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու, «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով նախապատրաստել է հիշյալ կուսակցության անունից հանդես եկող և «Ուժեղ Հայաստան» դաշինքի Երևան քաղաքի Վ. Փափազյան փողոց 29 շենք 73 հասցեում գտնվող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Արսեն Ստեփանի Մելիքյանի, նույն դաշինքի համակիր Արման Էդուարդի Սարգսյանի և դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում տալ ընտրակաշառք։