24 հուլիսի 2026 - 15:42 AMT
ՀՀ «Արենի 1 քարայր» հայտը հաստատվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում

Հայաստանի ներկայացրած «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» նոր հայտը հաստատվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Բուսանում ընթացող Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանում Հայաստանը մասնակցում է որպես կոմիտեի անդամ առաջին անգամ ընտրված երկիր։

Հայտը կազմվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի և «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության միջև ավելի վաղ ստորագրված համագործակցության հուշագրի հիմքով՝ «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ։ Այն պետություն-մասնավոր համագործակցության ևս մեկ հաջողված օրինակ է։

Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկվել են ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և հինգ ազգային փորձագետ։ Պատվիրակությունը գլխավորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։

Ինչպես նոր գրանցված, այնպես էլ նախորդ տարիներին ցանկում ներառված բոլոր հայտերը հասանելի են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում։

Հայաստանը 1995 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում գրանցված չորս հայտերին վերջին երեք տարիների հետևողական աշխատանքի արդյունքում ևս չորս հայտ է ավելացրել։