25 հուլիսի 2026 - 12:57 AMT
Ադրբեջանի մեջլիսը բողոքել է ԱՄՆ Կոնգրեսում «հակաադրբեջանական օրինագծի» ներկայացման դեմ

Ադրբեջանի Միլի մեջլիսն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրինագծին՝ բողոք հայտնելով «հակաադրբեջանական օրինագծի» դեմ:

Միլի Մեջլիսը հատուկ դժգոհություն է հայտնել առաջարկված փոփոխությունում Ադրբեջանի դատարանների կողմից դատապարտված անձանց վերաբերյալ «ռազմագերիներ» և «քաղաքական բանտարկյալներ» եզրույթների օգտագործման առնչությամբ։

Միլի Մեջլիսը հայտարարել է, թե այդ նախաձեռնությունը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ աղաղակող անտեսման ակնհայտ օրինակ է և «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսն Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշման միջոց օգտագործելու հերթական փորձ», գրում է APA-ն:

Փոփոխության հեղինակ կոնգրեսական Բրեդ Շերմանին Միլի Մեջլիսը ներկայացրել է որպես նախկին կոնգրեսական Ռոբերտ Մենենդեսի քաղաքական գծի շարունակող և հայկական լոբբիստական խմբերի հետ կապ ունեցող անձ, որը հետևողականորեն փորձում է իրականացնել նրանց քաղաքական օրակարգը։

Ադրբեջանի խորհրդարանի գնահատմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի հերթական ընտրությունների նախաշեմին առաջ քաշված այս նախաձեռնություններն ամենևին ուղղված չեն Միացյալ Նահանգների ազգային շահերի ապահովմանը, այլ նպատակ ունեն ստանալ ազդեցիկ լոբբիստական շրջանակների քաղաքական և ֆինանսական աջակցությունը։

Ադրբեջանի խորհրդարանը նշված նախաձեռնության առաջադրումը դիտարկել է որպես հայկական լոբբիի կողմից Ադրբեջանի վարկաբեկման երկարամյա արշավի շարունակություն։ Նույն համատեքստում հիշատակվել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որն, իբր, գործում է «հայազգի ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի ֆինանսական աջակցությամբ»։

Միլի Մեջլիսը մտահոգություն է հայտնել, որ նման քայլեր են ձեռնարկվել այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը հետևողականորեն առաջ է մղվել։ Խորհրդարանի հայտարարության համաձայն՝ ամուր և երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, հատկապես Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական նախաձեռնությունն ու անմիջական աջակցությունը, երկու պետությունների հարաբերությունների կարգավորման իրական հնարավորություններ են ստեղծել։

Մեջլիսի գնահատմամբ՝ նման պայմաններում առանձին կոնգրեսականների՝ քաղաքական դրդապատճառներով միակողմանի որոշումների ընդունմանը հասնելու «փորձերը ոչ միայն խաթարում են վստահության մթնոլորտը, այլև խոչընդոտում խաղաղ գործընթացին»։

Ադրբեջանի մեջլիսը ԱՄՆ կոնգրեսականներին կոչ է արել «ձեռնպահ մնալ համակարգված գործող հայկական լոբբիստական խմբերի ազդեցությամբ որոշումներ ընդունելու գործելակերպից, հարգել միջազգային իրավունքն ու Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին։