
Հուլիսի 29-ի առավոտյան, ժամը 09։00-ի սահմաններում, իր տնից ձերբակալվել է Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ Արա Նախշքարյանը: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Աբրասիմ Աթոյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նա ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
«Ի պատասխան հաստատում ենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Ա.Ն.-ն»,– հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հունիսի 6-ին հայտարարություն էր տարածել՝ պնդելով, թե բացահայտել է ընտրակաշառքի նոր սխեմա, որում ընդգրկված է եղել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը։
Արա Նախշքարյանը Համազգային հայ կրթական և Մշակութային միության Գյումրու գրասենյակի տնօրենն է, հասարակական գործիչ և մտավորական։ Նախշքարյանը վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կարգավիճակով։