29 հուլիսի 2026 - 16:22 AMT
Դատախազությունը Գագիկ Խաչատրյանից պահանջում է բռնագանձել 193 անշարժ գույք

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 193 անշարժ գույք, 29 իրավաբանական անձում մասնակցություն, շարժական գույք, արժեթղթեր, դրամական պահանջի իրավունքներ և ավելի քան 17,7 միլիարդ դրամ։

Դատախազության ներկայացրած պահանջի համաձայն՝ բռնագանձման ենթակա 193 անշարժ գույքի թվում են, մասնավորապես, Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 46 բնակարան և Կոտայքի մարզում գտնվող 89 անշարժ գույք, ինչպես նաև այլ գույքեր։

Բացի այդ, պահանջվում է բռնագանձել 29 իրավաբանական անձում մասնակցության իրավունքներ, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն և այլ ընկերություններ։

Պահանջը ներառում է նաև 14 շարժական գույք, 1,451,074 ԱՄՆ դոլարի չափով ձեռք բերված պարտատոմսեր, 147,210 ԱՄՆ դոլարի ավանդ, ինչպես նաև 23,081,354 ԱՄՆ դոլարի, 409,806,800 ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք։

Դատախազությունը նաև պահանջում է բռնագանձել 17,761,537,781 դրամ։