
Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է 2026 թվականի օգոստոսին շարունակել ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման փոխհատուցման ծրագիրը, ինչպես նաև ընդլայնել փոխհատուցվող ապրանքների ցանկը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ տնտեսավարողների կողմից նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ իրականացված բանակցությունների արդյունքում առաջիկայում ակնկալվում է արտահանման ծավալների աճ։ Քանի որ գնառաջարկները կազմվել են՝ հաշվի առնելով պետական փոխհատուցման գործող մեխանիզմը, նախարարությունն առաջարկում է այն երկարաձգել նաև օգոստոս ամսվա համար, հայտնում է Factor.am-ը:
Միաժամանակ առաջարկվում է փոխհատուցվող ապրանքների ցանկում ներառել նաև պալերմո տեսակի պղպեղն ու սմբուկը՝ արտահանման շուկաներում դրանց մրցունակությունն ապահովելու նպատակով։
Նախարարության կանխատեսմամբ՝ 2026 թվականի օգոստոսին ծրագրի շրջանակում կարտահանվի մոտ 150 տոննա ելակ, մոտ 4100 տոննա բանջարեղեն և մոտ 5․2 միլիոն հատ ծաղիկ։
Նախագծով առաջարկվում է օգոստոսին արտահանված ջերմատնային արտադրանքի համար սահմանել հետևյալ փոխհատուցումները․
Էկոնոմիկայի նախարարությունը, հղում կատարելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալներին, հայտնել է, որ 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 23-ը Հայաստանից արտահանվել է մոտ 1526 տոննա պղպեղ, 770 տոննա լոլիկ, 213․4 տոննա ելակ, մոտ 5․8 միլիոն հատ և 58 տոննա ծաղիկ։
Միայն հուլիսին՝ մինչև 23-ը, արտահանվել է մոտ 742 տոննա պղպեղ, 562 տոննա լոլիկ, 104․4 տոննա ելակ, մոտ 2․3 միլիոն հատ և 23 տոննա ծաղիկ։
Նախարարության տվյալներով՝ նույն ժամանակահատվածում ընդլայնվել է նաև արտահանման աշխարհագրությունը․ ծաղիկ է արտահանվել 26, միրգ՝ 19, իսկ բանջարեղեն՝ 8 երկիր։
Թե որ երկրներ են արտահանվել հայկական միրգ-բանջարեղենն ու ծաղիկները, գերատեսչությունը չի մանրամասնել: