
Հուլիսի 19-29-ը Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում անցկացված նստաշրջանում ՀՀ-ն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 2027թ․ նստաշրջանի նախագահ: Այդ մասին հայտնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական պատվիրակությունից։
Այն անցկացվելու է Ստամբուլում:
Կոմիտեի անդամ Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյաներ, ինչպես նաև ազգային փորձագետներ։
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է օրակարգային մի շարք հարցերի քննարկմանը՝ ներգրավվելով Համաշխարհային ժառանգության ցանկում նոր մշակութային և բնական օբյեկտների ընդգրկման, ինչպես նաև պահպանության վիճակի վերաբերյալ զեկույցների շուրջ որոշումների ընդունման գործընթացում։
Նստաշրջանի արդյունքներով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել է 25 նոր մշակութային և բնական ժառանգության օբյեկտ։
Հայաստանի մշտական ներկայացուցիչը մասնակցել է նաև Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակին նվիրված հարակից միջոցառմանը, որտեղ ներկայացրել է հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։