
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը և Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան ստորագրել են համագործակցության հուշագիր՝ պաշտոնապես մեկնարկելով Բանկի նոր գլխամասի նախագծի իրականացումը։
Evocabank-ի նոր գլխամասը կկառուցվի Երևանի Դեմիրճյան 14 հասցեում և կմիավորի Բանկի բոլոր աշխատակիցներին մեկ ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող աշխատանքային միջավայրում։ Նախագծի իրականացումը վստահված է MVRDV միջազգային ճարտարապետական բյուրոյին։
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է.«Այսօր խորհրդանշական օր է Բանկի համար։ Մենք նշում ենք Բանկի զարգացման նոր փուլը։ Բանկի նոր գլխամասը լինելու է միջազգային ստանդարտներին համապատասխանող կենտրոն, որը, վստահ եմ, նոր նշաձող է սահմանելու Երևանի քաղաքաշինական մշակույթում։ Այս նոր կենտրոնը դառնալու է Բանկի նոր խորհրդանիշը, և այս պահն առանձնահատուկ իմաստ ունի, քանի որ այսօր մենք հավաքվել ենք Բանկի ներկայիս՝ մոտ 35 տարի գործող գլխամասի մոտ։ Մեր գործընկեր Green Rock Management Group-ի հետ մեզ երկար ճանապարհ է սպասվում, և համոզված եմ, որ արդյունքը կգերազանցի սպասելիքները»։
Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան նշել է. «Այսօր կարևոր օր է ինչպես Evocabank-ի, այնպես էլ Green Rock-ի համար։ Մենք նշում ենք Evocabank-ի նոր գլխամասի նախագծի պաշտոնական մեկնարկը Երևանում։ Այս համագործակցության հուշագրի ստորագրումով մենք սկսում ենք նախագծի հաջորդ փուլը, որը հիմնված է ամուր գործընկերության, արդյունավետ համագործակցության, մանրակրկիտ պլանավորման և ընդհանուր արժեքների վրա։ Evocabank-ն ունի իր նոր գլխամասի հստակ տեսլականը՝ ստեղծել ժամանակակից աշխատանքային միջավայր, որն արտացոլում է Բանկի ինքնությունը, աջակցում է աշխատակիցներին և նպաստում Բանկի հետագա զարգացմանը։ Մենք հպարտ ենք, որ ղեկավարում ենք այս նախագծի իրականացումը՝ գաղափարից մինչև շինարարության ավարտ։ Մեզ համար մեծ պատիվ է արժանանալ Evocabank-ի ղեկավարության վստահությանը, որի համար անկեղծ շնորհակալություն ենք հայտնում»։
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նախագծի մեկնարկը խորհրդանշող առաջին քայլը, կապսուլայի մեջ է դրվել Evocabank-ի նոր տեսլականը, որն ընկած է Բանկի նոր գլխամասի և Evocabank-ի ապագա զարգացման հիմքում։