1 հուլիսի 2009 - 20:56 AMT
Հայաստանը մասնակցում է ԱՊՀ նանոտեխնոլոգիաների նորարարական կենտրոնի ստեղծմանը
Հուլիսի 1-2-ը Դուբնայում տեղի է ունենում «ԱՊՀ երկրների նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնի ստեղծում» (ԱՊՀ ՆՏՄՆԿ) կազմակերպչական -տեղեկատվական ֆորումը, հաղորդում է ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո ծառայությունը:

Կենտրոնի ստեղծման նախագիծը ներկայացվել է 2008-ին Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի կողմից «Կուրչատովի ինստիտուտ» ՌՆՑ-ի հետ համատեղ ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Ֆորումին մասնակցում են Համագործակցության 11 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանից:

ԱՊՀ ՆՏՄՆԿ-ն պլանավորում է Դուբնայում ստեղծել միասնական կենտրոն, որը համակարգելու է ԱՊՀ նանոարդյունաբերության բարձր տեխնոլոգիական շուկայի ձեւավորումը: Այն Համագործակցության հետազոտական, կրթական, նորարարական տարածության ինտեգրման ճկուն գործիք է դառնալու, որն օգտագործելու է «Դուբնա» ազատ տնտեսական գոտու առավելությունները:

ԱՊՀ ՆՏՄՆԿ-ի կառույցն իր մեջ ներառելու սարքավորումների կոլեկտիվ օգտագործման կենտրոն, գիտակրթական կենտրոն եւ տեխնոլոգիաների փոխանակման կենտրոն: