15 հուլիսի 2009 - 15:33 AMT
ՄՃԽ. Երեւանն ու Բաքուն մոտենում են ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հիմնարար համաձայնագրին
«Ես չեմ կարող ասել, թե ինչ ենթադրություններ ունեմ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Մոսկվայում կայանալիք առաջիկա հանդիպման մասին, սակայն կարող եմ ասել, թե ինչ հույսեր ունեմ այդ հանդիպման վերաբերյալ»,-ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, նա հուսով է, որ նախագահները կկարողանան ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների մասին փաստաթուղթը: «Ես հավատում եմ, որ կողմերը մոտենում են հիմնարար համաձայնության, եւ այս տարվա ընթացքում կկարողանան ավարտել այն»,-ասել է Ֆրեյզերը:

Ֆրեյզերը կարեւորում է այն փաստը, որ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներր հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: «Չափազանց կարեւոր է, որ հանդիպումը կայանալու է Մոսկվայում: Եվ շատ կարեւոր է, որ ՄԽ բոլոր երեք համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, սերտ համագործակցում են, ապահովելու համար հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի ավարտը»,-ասել է նա, հաղորդում է 1news.az-ը:

Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին Մոսկվայում: