Արձանագրություններում ենթահանձնաժողովների մասին կետի ձեւակերպումը` Անկարայի դեմքը փրկելու փորձ է

PanARMENIAN.Net - «Կա երկու հարց, որոնք հուզում են հայկական կողմին` ենթահանձնաժողովի ստեղծումը եւ սահմանը»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Այն, թե ինչպես է ձեւակերպված փաստաթղթում ենթահանձնաժողովի մասին կետը, կարելի է անվանել թուրքական կողմի դեմքը փրկելու փորձ եւ սա այն ձեւակերպումը չէ, որը նախկինում ներկայացնում էր թուրքական կողմը,-ասել է Դենոյանը:



Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը կարեւոր է համարում այն հանգամանքը, որ ենթահանձնաժողովում կընդգրկվեն մասնագետներ, որոնք կհետազոտեն արխիվային փաստաթղթեր, այս առնչությամբ նա հանդես է եկել առաջարկով, որպեսզի թուրքական կողմը թույլ տա հայ մասնագետներին աշխատել Թուրքիայի ռազմական արխիվներում եւ Գլխավոր շտաբի արխիվում:



Հայկ Դեմոյանը նշել է, որ այդ արխիվներում պահվում են փաստաթղթեր Հայոց ցեղասպանության բազմաթիվ կազմակերպիչների գործով դատավարությունների վերաբերյալ: «Այդ դատարանների որոշումներն ընդունվել են այն փաստաթղթերի հիման վրա, որտեղ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հրաման են արձակում կատարել հայ բնակչության սպանություններ: Հենց այդ փաստաթղթերը մենք կցանկանայինք ուսումնասիրել, սակայն դրանք մինչ այժմ փակ են ոչ միայն հայ, այլ նաեւ թուրք մասնագետների համար»,-ասել է Հ.Դեմոյանը:



Ըստ նրա, պատմաբաններից բացի, ենթահանձնաժողովում պետք է ընդգրկվեն միջազգային իրավունքի մասնագետներ: Նրանք, ըստ Դեմոյանի, պետք է հետազոտեն արխիվային փաստաթղթերը եւ եզրակացություն տան առկա եւ գործող փաստաթղթերի վերաբերյալ, որոնք սահմանում են, կամ կարող են սահմանել հայ-թուրքական սահմանը: «Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կա սահմանագիծ, որը ճանաչված չէ երկկողմ համաձայնագրով: Այդ մասնագետները պետք է ունենան ողջ անհրաժեշտ նյութերը, եզրակացություն տալու համար ներկայիս սահամագծի վերաբերյալ»,-ասել է Դեմոյանը:



Ինչպես նշել է Հայկ Դեմոյանը, եթե կողմերը երկկողմ համաձայնագիր ստորագրեն, ապա Կարսի պայմանագիրը պետք է դենոնսացիայի ենթարկվի: Դեմոյանը նշել է նաեւ, որ կարելի է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ առկա սահմանագծին ժամանակավոր կարգավիճակ տալ: «Այդպիսով, հնարավոր կլինի ասել, որ կողմերը ժամանակավորապես ճանաչում են այդ սահմանագիծը եւ կսպասեն ենթահանձնաժողովի եզրակացությանը»,-ասել է Հ.Դեմոյանը` հիշեցնելով, որ Հայաստանի ու Վրաստանի միջեւ կան դիվանագիտական հարաբերություններ, սակայն սահմանն մինչ այժմ համաձայնեցված չէ:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---