ՀՅԴ-ն պատրաստվում է համագործակցել Հայաստանի քաղաքական ուժերի հետ հայ-թուրքական հարաբերությունների հարցում

PanARMENIAN.Net - Հայ Հեղափոխական Դաշնակցությունը պատրաստվում է համագործակցել Հայաստանի քաղաքական ուժերի հետ հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը: «Մենք պատրաստ ենք համագործակցել այն ուժերի հետ, որոնք այլ նպատակներ չեն հետապնդում: Մենք պատրաստ ենք աշխատել մտավորականների, անկախ քաղաքական գործիչների հետ»,-հստակեցրել է Մարգարյանը: Նա նշել է, որ դրական է վերաբերվում «Ժառանգության» կուսակցության դիրքորոշմանն ու մոտեցումներին հայ-թուրքական հարաբերությունների հարցում, սակայն կոնկրետ պայմանավորվածություն համագործակցության մասին այս կամ այն կուսակցության հետ դեռեւս չկա:



Հ.Մարգարյանը չի մեկնաբանել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը` պատգամավորի մանդատը վայր դնելու մասին: Ինչ վերաբերում է պատգամավորական մանդատներից Դաշնակցության հնարավոր հրաժարմանը, ապա Մարգարյանն ընդգծել է, որ պատգամավորներն ընտրվել են խորհրդարան, ստանալով ՀՀ ժողովրդի վստահության քվեն, եւ անկախ նրանից, որ խմբակցությունը մեծամասնություն չի կազմում, այնուամենայնիվ, խորհրդարանը դա այն հարթակն է, որտեղ Դաշնակցությունը կարող է ներկայացնել իր մոտեցումները եւ մասնակցել տարբեր խնդիրների լուծմանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---