8 սեպտեմբերի 2009 - 17:19 AMT
Կալիֆոռնիայի Սան-Դիեգո Համալսարանի ուսանողներին պատմել են Հայոց ցեղասպանության մասին
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված` Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) կրթական ծրագրի շրջանակներում, ԱՀՀ արեւմտյան բյուրոյի տնօրեն Եղիշ Քեշիշյանը օրերս ելույթ ունեցավ Սան-Դիեգո Համալսարանի ուսանողների առջեւ: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ստացված ԱՀՀ հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում Եղիշ Քեշիշյանն անդրադարձել է ազգային փոքրամասնությունների ցեղասպանության թեմային եւ ամփոփ ներկայացրել Հայոց ցեղասպանությունը: ԱՀՀ արեւմտյան բյուրոյի տնօրենն ուսանողներին պատմել է նաեւ Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության մասին: «Ես բարձր եմ գնահատում համալսարանի ուսանողների հետ Հայոց ցեղասպանությունը քննարկելու այդ եզակի հնարավորությունը: Կալիֆոռնիան առաջատար դեր է խաղացել ցեղասպանությունների կանխման գործում, եւ ԱՀՀ-ն հպարտ է նրանով, որ իր ներդրումն ունի այդ ուղղությամբ»,- հայտնել է Եղիշ Քեշիշյանը: Նա ուսանողներին պատմել է Հայաստանի եւ Թուրքիայի ներկայիս հարաբերությունների մասին եւ հիշեցրել, որ երեւանը բազմիցս հայտարարել է Անկարայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու պատրաստակամության մասին: