// IP Marketing video - START// IP Marketing video - END

«ReAnimania» առաջին երեւանյան անիմացիոն կինոփառատոնը դարձավ միջազգային

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-6 Հայաստանում կանցնի «ReAnimania» առաջին Երեւանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Փառատոնին կմասնակցեն ավելի քան 31 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Մալիից եւ այլն: «Մենք ուրախ ենք, որ առաջին անգամ կազմակերպած այս փառատոնը, իրոք դարձավ միջազգային,- ընդգծեց փառատոնի տնօրեն Վրեժ Կասունին եւ ավելացրեց,- «ReAnimania» անիմացիոն կինոփառատոնը ունի մասնագիտական ուղղվածություն: Մենք ցանկանում ենք զարգացնել ոչ միայն Հայաստանի անիմացիոն դպրոցը, այլ նաեւ ընդլայնել դրա սահմանը»: Փառատոնի մրցութային ծրագրի մեջ ընդգրկվել են 5 լիամետրաժ եւ 100 կարճամետրաժ ֆիլմեր: «Մրցույթին ֆիլմերը կներկայացվեն հետեւյալ անվանակարգերում` «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն դիպլոմային աշխատանք», «Լավագույն հեռուստատեսային սցենար», «Հանդիսատեսի համակրանքի մրցանակ», «Հայաստանի մշակույթի նախարարության մրցանակ», «Հատուկ մրցանակ երեխաներից»,- նշեց նա:



Իր հերթին փառատոնի շրջանակներում կանցնեն հատուկ ծրագրեր` «Փառատոններ, Կազմակերպություններ եւ դպրոցներ» եւ «Անիմացիայի վարպետների հետահայաց ցուցադրումներ»:



Բացի այդ, «ReAnimania-ի» շրջանակներում կկայանա հետեւյալ աշխատանքների առաջին ցուցադրումը` իսրայելցի անիմատոր Արի Ֆոլմանի «WALTZ WIZH BASHIR», Նինա Ֆելիի (ԱՄՆ) «SITA SINGS THE BLUES», Բիլ Ֆլիմպտոնի (ԱՄՆ) «IDIOTS AND ANGELS», Մարժան Սատրապիի եւ Վինսենտ Փարոնի (Ֆրանսիա) «Պերսեպոլիսը»:



«Հանդիսատեսի դատին կներկայացվի նաեւ երկու ցուցահանդես, որից մեկը նվիրված կլինի կոմիքսների արվեստին եւ նկարած պատմություններին, իսկ երկրորդը` հայկական անիմացիոն արվեստի լավագույն նմուշներին: Բացի այդ, փառատոնին ներկայացված ֆիլմերը կցուցադրվեն Դիլիջանում», - նշեց ծրագրերի տնօրեն Արթուր Բախչինյանը:



Փառատոնը համագործակցում է Annency, Շտուգհարդի, Ardman Studio միջազգային անիմացիոն կինոփառատոնների , «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ եւ այլն:



Փառատոնը նվիրված է 3D-անիմացիայի հիմնադիր Ալեքսանդր Շիրինյանի հիշատակին:
 Ուշագրավ
Նախագծի հեղինակն է Պետրոս Ծամերյանը, համահեղինակը՝ Գրիգոր Բաղդագուլյանը
Մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 24-ին է
Հայաստանը ֆիլմերը ստանում է ՌԴ-ից, ուստի՝ հայ հանդիսատեսին այն կհասնի նույն տեսքով, ինչ ռուսաստանցի հանդիսատեսին
Ըստ մոդելի, տղան շատ նման է քրոջը՝ 1 տարեկան Չիկագոյին