Թուրք-բրիտանական սերտ հարաբերությունների պատճառով Մեծ Բրիտանիան առայժմ չի շտապում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Դաութի Սթրիթում (Լոնդոն) գտնվող փաստաբանական գործակալությունը հրապարակել է թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնի ներկայացրած իրավաբանական ամփոփագիրը Մեծ Բրիտանիայի կառավարության դիրքորոշման մասին Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: Երկար տարիներ շարունակ բրիտանական կառավարությունը հայտարարում էր, որ բավարար ապացույցներ չկան, որպեսզի «1915թ. իրադարձությունները» դիտարկվեն որպես Հայոց ցեղասպանություն: 1977 թ.-ից Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ ազգերի համագործակցության նախարարության գրավոր հանձնարարականներում նշվում է, որ կառավարության դիրքորոշումը հիմնավորող խորհուրդը չի արձանագրում 1915-1916 թթ. հայերի ցեղասպանության կամ ոչնչացման փաստեր:



«Հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունների նշանակությունը, եւ այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության ընդունումը Մեծ Բրիտանիային ոչ մի օգուտ չի տա եւ չի նպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բրիտանական կառավարության այժմյան դիրքորոշումը միակ ընդունելի տարբերակն է», - նշվում է գործակալության հայտարարության մեջ:



Լայն տարածում գտած հայտարարության մեջ ընդգծվում է նաեւ, որ Անկարայի երկար տարիների քաղաքականությունը` թույլ չտալ Հայոց ցեղասպանության որեւէ ուսումնասիրություն եւ Եվրոպայում չճանաչել այդ փաստը, դարձել է վիճաբանության առարկա: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ ազգերի համագործակցության նախարարության փաստաթղթերից հասկանալի է դառնում, որ նախարարությունը ոչ մի ուսումնասիրություն չի կատարել այդ հարցի վերաբերյալ: Մեծ Բրիտանիայի այդօրինակ քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հանվեց «Ցեղասպանությունների հիշատակի օր» ցուցակից, եւ այն բանին, որ բրիտանական կառավարության անդամները բոյկոտ հայտարարեցին Հայոց ցեղասպանության 80-ամյակին», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:



Մեծ Բրիտանիայի կառավարությունը վկայակոչում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված Արձանագրությունները` այն բնութագրելով որպես «դրական իրադարձություն»: Կառավարությունը հատուկ շեշտում է Արձանագրություններում առկա դրույթները` երկու երկրների միջեւ «պատմական հենքի վրա երկխոսություն անցկացնելու մասին»:



«Տվյալ իրավաբանական եզրակացությունը կարելի է դիտարկել որպես կառավարության ցինիկ քաղաքականություն»,- ասվում է փաստաբանական գործակալության հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---