23 նոյեմբերի 2009 - 21:05 AMT
Der Tagesspigel.Հայաստանը զիջումների չի գնա Ղարաբաղի հարցում
Քիչ հավանական է, որ Հայաստանն այսօր զիջումների գնա Ղարաբաղի հարցում: Այդ մասին գրում է գերմանական Der Tagesspigel թերթը` մեկնաբանելով նախօրեին Մյունխենում կայացած Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը:
«Խաղաղ կարգավորման բանակցությունները նոր դինամիկա ստացան հայ-թուրքական երկխոսության հետ: Պաշտոնական Բաքուն մտահոգված է իր դաշնակցի մերձեցմամբ Հայաստանի հետ եւ վախենում է կորցնել Անկարայի աջակցությունը Ղարաբաղի հարցում, եւ ի վերջո, մեկուսացած մնալ: Սակայն այդ մերձեցման հարցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւս հայտնվել է ճնշման տակ` եթե հակամարտության լուծման հարցում հաջողություն չլինի, ապա հայ-թուրքական սահմանը չի բացվի»,-գրում է թերթը:
Der Tagesspigel-ը նշում է նաեւ, որ մյուս կողմից Երեւանը հայտնվել է հայկական ազդեցիկ Սփյուռքի ճնշման տակ, որը ցանկանում է հարաբերություններ սկսել Թուրքիայի հետ միայն Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո: «Այն փաստը, որ Հայաստանը համաձայնվել է հաշտեցման գնալ Թուրքիայի հետ առանց նախապայմանների, առաջացրել է Սփյուռքի դժգոհությունը, ուստի քիչ հավանական է, որ Հայաստանն այսօր զիջումների գնա Ղարաբաղի հարցում: Այս տարի սա արդեն նախագահների վեցերորդ հանդիպումն է, իսկ Ալիեւի սպառնալիքները նոր չեն»,-ասում է թերթը: