Ակնկալվում է Լեհաստանի վարչապետի այցը Հայաստան

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին, ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ «պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների ամրապնդման համար, հատկապես ռազմական համագործակցության ոլորտում, որը կարեւոր նշանակություն ունի»: Տիգրան Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Հանրապետության Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման կապակցությամբ:



ՀՀ կառավարության ղեկավարի մամլո ծառայությունը հաղորդում է, որ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է փոխանցել գործընկերոջ` Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկի ջերմ ողջույնները, որի այցը Հայաստան նախատեսվում է առաջիկայում: Անդրադառնալով տարածաշրջանային ներկա զարգացումներին` ՀՀ կառավարության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:



Բոգդան Կլիխը նշել է, որ Լեհաստանը Հարավային Կովկասում հիմնախնդիրների խաղաղ կարգավորման կողմնակից է: «Մենք բարձր ենք գնահատում արձանագրությունների ստորագրման գործընթացը», նշել է բարձրաստիճան հյուրը:



Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Նշվել է, որ Լեհաստանի Հանրապետությունը կես տարի հետո ստանձնելու է ԵՄ նախագահությունը եւ հետաքրքրված է լեհ-շվեդական նախաձեռնությամբ իրականացվող «Արեւելյան գործընկերություն» ծրագրով:



Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր ջերմ ողջույններն է փոխանցել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկին եւ հույս հայտնել, որ վերջինիս այցը Հայաստան մեծապես կնպաստի տնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանը: «Լեհաստանը կարող է մեր տարածաշրջանում ավելի բարձր մակարդակով ներկայացված լինել, եւ մենք դրանում շահագրգռված ենք»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---