Sabah. Հայաստանը չի հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից

PanARMENIAN.Net -
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջացած խնդիրները վկայում են, որ 2010 թվականը ճգնաժամային է լինելու թուրք-ամերիկյան երկխոսության համար ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի տեսակետից: Այդ մասին գրում է թուրքական Sabah թերթը: Հոդվածի հեղինակը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մասին պաշտոնական Անկարայի հայտարարություններն անհարիր է անվանում:



«Միամտություն կլինի կարծել, թե Հայաստանը, Արձանագրություններում որպես նախապայման չառաջադրելով Հայոց ցեղասպանության հարցը, կհրաժարվի այդ փաստի միջազգային ճանաչումից: Արձանագրությունների վավերացման հարցում Երեւանը որոշակի քայլեր է անում, մինչդեռ Անկարան խուսափող դիրք է զբաղեցրել: Ապրիլի 24-ի (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր) նախաշեմին ամերիկա-թուրքական հարաբերություններում ճգնաժամն անխուսափելի է, եւ թուրքական ղեկավարությունը պետք է պատրաստվի այդ ճգնաժամին: Հայկական լոբբին անհամբերությամբ սպասում է այդ օրվան, որպեսզի Կոնգրեսում առաջ տանի բանաձեւը: Թուրքիան նպաստում է դրան Արձանագրությունների վավերացման հարցում իր անգործությամբ: ԱՄՆ հայերն այս տարին հաջող են համարում բանաձեւի ընդունման համար, քանի որ հրեական լոբբին Թուրքիայի դեմ է տրամադրված: ԱՄՆ նախագահն իր հերթին բարդ դրության մեջ կհայտնվի, քանի որ Արձանագրությունների վավերացման հարցում նա ցանկալի օժանդակություն չստացավ Անկարայից»,- գրում է Sabah թերթը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:



Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:



Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման եւ փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները:

Բելգիայում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:



Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Tumes-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը: Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:



Հայկական լոբբին Միացյալ Նահանգներում կառուցվում է ամուր էթնիկական հիմքի վրա եւ ձգտում է հասնել 1915թ. Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի հասարակական դատապարտմանը: Կոնգրեսի` Թուրքիային դատապարտող բանաձեւի օգտին համառ լոբբիացումը սկսվեց 1980-ին եւ այդ ժամանակից ի վեր վերածվեց հավերժ հարցի: Գրեթե ամեն տարի Սպիտակ տունն ու Պետքարտուղարությունը օժանդակում են այդ բանաձեւի հիմքում ընկած սկզբունքը, բայց արդյունքում հանգում են այն եզրակացությանը, որ դրա ընդունումը կարող է վնաս հասցնել ԱՄՆ շահերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---