12 մարտի 2010 - 17:08 AMT
«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում կառուցվելու է Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

««Մոսկվա» կինոթատրոնը հայ ճարտարապետության յուրօնակ նմուշ է եւ Երեւանի համար անկրկնելի երեւույթ է: Ինչ վերաբերում է ամառային կինոդահլիճին, որը հիմնադրվել է 20-րդ դարի 60-ական թվականներին, ապա այն Երեւանի համար միակն է իր տեսակի մեջ եւ մեր կլիմայական պայմաններին համապատասխանում է: Կարծում եմ, որ ամառային դահլիճն անհրաժեշտ է քաղաքի համար, հետեւաբար այն պետք է պահպանվի», - մարտի 12-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Փետրվարի 25-ին Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել «Մոսկվա» կինոթատրոն ԲԲԸ ղեկավարության առաջարկությանը` «Մոսկվա» կինոթատրոնի տարածքը օտարել` տեղում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին վերակառուցելու համար, քանի որ մինչ խորհրդային իշխանության հաստատումը այդ տեղում է գտնվել Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին:

«Մենք դեմ չենք նոր եկեղեցիների կառուցմանը, սակայն ավելի լավ կլինի վերականգնել եւ պահպանել հնագույն եկեղեցիները` Սանահինը, Հաղպատը, մակարավանքը, Օհանավանքը, որոնք ճարտարապետական առումով ավելի արժեքավոր են, քան 17-րդ դարի Սբ Պողոս-Պետրոս քանդված եկեղեցին էր», - նշել է Մկրտիչ Մինասյանն` ավելացնելով, որ տեղանքը նույնպես հարմար չէ եկեղեցի կառուցելու համար:

Մ.Մինասյանը հայտնել է նաեւ, որ Հայաստանի ճարտարապետների միությունը հարցի լուծման համար կազմակերպելու է հասարակական քննարկումներ:

«Մենք դիմելու ենք նաեւ ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին` խնդրելով, որ փոխի իր որոշումը», - ավարտել է խոսքը Մկրտիչ Մինասյանը: