Բուլղարիան կարող է հաջորդը դառնալ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցուցակում

PanARMENIAN.Net - Բուլղարիայի «Կարգ, կանոն եւ արդարություն» պահպանողական կուսակցությունը (RZS) դիտարկման համար Հայոց ցեղասպանության մասին հռչակագիր է ներկայացրել երկրի խորհրդարան: Ինչպես հաղորդում է Novinite.com-ը, տվյալ հռչակագրի ներկայացնելը երկրի խորհրդարանում կապված է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուի այցի հետ Սոֆիա եւ Թուրքիայից հայերի արտաքսման մասին Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարության հետ:

RZS-ը Բուլղարիայի կառավարությունից եւ վարչապետ Բոյկո Բորիսովից պահանջում է նաեւ հնչեցնել Հայոց ցեղասպանության հարցում երկրի նախարարների գրասենյակի պաշտոնական դիրքորոշումը:

Պահպանողական կուսակցության առաջնորդ Յան Յանեւը հայտնել է, որ կուսակցությունը նպատակ է հետապնդում համաձայնության հասնել Բուլղարիայի կողմից ողբերգական իրադարձությունների գնահատման հարցում եւ հանդես գալ հստակ հայտարարությամբ` ի պաշտպանություն պատմական ճշմարտության, ինչպես դա վերջերս արեցին ԱՄՆ-ն ու Շվեդիան:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը նույնպես 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների, սիրիացիների/քաղդեցիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---