Ստամբուլի հայկական համայնքն ուզում է, որ պատրիարքի աթոռակից ընտրվի Սեպուհ Չուլջյանը

PanARMENIAN.Net - Թուրքիան իր քաղաքականությամբ Ստամբուլի հայկական համայնքում վախի մթնոլորտ է ստեղծել, ինչը տարածվել է նաեւ հոգեւորականների մեջ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքերի համաձայն, Ստամբուլի հայկական համայնքը իրավական կարգավիճակի մեծ խնդիր ունի:



Անդրադառնալով Կոստանդնուպոլսի պատրիարքի կայանալիք ընտրություններին, Ռ. Մելքոնյանն ասել է, որ Ստամբուլի հայկական համայնքը ցանկություն է հայտնել, որպեսզի պատրիարքի հետ աթոռակից պատրիարք ընտրվի Հայ Առաքելական եկեղեցու Գուգարքի թեմի եպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը:



«Սեպուհ Չուլջյանը նախընտրական փայլուն արշավ է կազմակերպել եւ հանդես է եկել նոր առաջարկներով, որոնք համապատասխանում են համայնքի դիրքորոշմանը», - ասել է Մելքոնյանը: Նրա խոսքերի համաձայն, Չուլջյանի առաջարկները, հիմնականում վերաբերել են հայկական դպրոցների արդիականացմանը, խառնածին ամուսնությունների դադարեցմանը: Հայ փորձագետը նշել է նաեւ, որ Ստամբուլի հայկական համայնքը այդպիսի հոգեւոր առաջնորդի կարիք ունի:



ՀԱԵ Կոնստանդնուպոլսի պատրիարքություն: Թուրքիայում գործում է շուրջ 30 եկեղեցի, որտեղ ծառայում են 30 քահանա եւ 20 սարկավագ: Կոնստանդնուպոլսի պատրիարքի պաշտոնը 1998թ. զբաղեցնում է Մեսրոպ Մութաֆյանը: Սակայն տարած վիրահատություններից եւ «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության մահափորձերից հետո, 53-ամյա պատրիարքի ինքնազգացողությունը վատթարացավ, իսկ հետո զարգացավ անբուժելի հիշողության կորուստ հիվանդությունը: 2004 թ. ի վեր Թուրքիայի ղեկավարությունը թույլ չի տալիս հայ համայնքին (ըստ թուրքական օրենքների ազգային համայնքի ղեկավարը միեւնույն ժամանակ նաեւ նրա հոգեւոր հովիվն է) ընտրել նոր պատրիարքի կամ գոնե աթոռակից պատրիարքի:



ՀԱԵ Կոնստանդնուպոլսի պատրիարքությունը, Երուսաղեմի պատրիարքության հետ մեկտեղ Հայ առաքելական եկեղեցու ինքնավար պատրիարքությունների մեկն է: Ըստ կանոնների` երկու պատրիարքությունները ենթարկվում են Էջմիածնի կաթողիկոսությանը: Կոնստանդնուպոլսի եւ Երուսաղեմի պատրիարքներն ունեն արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան: Երուսաղեմի պատրիարքությանն են դասվում Իսրայելի եւ Հորդանանի բոլոր հայկական եկեղեցիները, իսկ Կոնստանդնուպոլսի պատրիարքությանն են ենթարկվում Թուրքիայի եւ Կրետե կղզու (Հունաստան) հայկական եկեղեցիները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---