Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հարցում չի փոխվել

Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հարցում չի փոխվել

PanARMENIAN.Net - Եվրամիությունը պատրաստ է նպաստել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանն առանց նախապայմանների: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ընդլայնման ու եվրոպական հարեւանության քաղաքականության գծով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ըստ նրա. ԵՄ-ն պատրաստ է աջակցել սահմանամերձ շրջանների զարգացմանը, հենց որ արձանագրությունները վավերացվեն եւ ուժի մեջ մտնեն: Ընդ որում նա բարձր է գնահատում ՀՀ նախագահի գործունեությունն ու համարձակությունը, որը համաձայնվեց երկխոսություն սկսել Թուրքիայի հետ: Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հեռանկարը կարող է դրական ազդեցություն ունենալ եվրոպական ընտանիքին Թուրքիայի անդամակցության հարցում:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին` Ֆյուլեն ասաց, որ Եվրոպական միությունը ոչ միայն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, այլ նաեւ պատրաստ է մշակել կոնկրետ ծրագրեր Լեռնային Ղարաբաղում եւ ողջ տարածաշրջանում վստահության վերականգնման ուղղությամբ:

Իր հերթին Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հարցում չի փոխվել: “Ոչ միայն Հայաստանն, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական հարցը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է”,-ասել է Նալբանդյանը` մեկնաբանելով երկրի դիքրորոշման հնարավոր փոփոխությունը ԼՂՀ կարգավիճակի ճանաչման հարցում: Ըստ նրա, այդ համատեքստում, Հայաստանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ եթե Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, հակամարտությունը հնարավոր կլինի հանգուցալուծել մի քանի ժամում, վկայում է հենց այդ մասին: “Եթե այդ գլխավոր հարցն իր լուծումը ստանա, ապա մյուս հարցերի քննարկումը շատ ավելի դյուրին կլինի”,-ասել է Նալբանդյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---