“Խորհրդավոր ընթրիքի” ստեղծմանը Լեոնարդո դա Վինչիին ոգեշնչել են հայերը

“Խորհրդավոր ընթրիքի” ստեղծմանը Լեոնարդո դա Վինչիին ոգեշնչել են հայերը

PanARMENIAN.Net - Լեոնարդո դա Վինչիի մահից հետո հայտնաբերվել են երեք օղակներ, որոնք մեծ նկարչին և գիտնականին շաղկապում են Հայաստանի հետ. դա հայկական եկեղեցու նախագիծն էր Բագարանի ոճով, որը հայտնաբերվել է նրա օրագրում, “Հայոց տառերը”, որոնք հայելանման արտացոլված են նրա “The Codex Atlanticus” օրագրում, և երեք հայ տիրակալների դիմանկարները: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ում Aquarian Millennium Armenological Institute-ի աշխատակից Մելքոն-Արմենիա Խանջյանի հոդվածում: Այս ամենը թույլ է տալիս գիտնականներին ենթադրել, որ դա Վինչին ճանապարհորդել է Հայաստանում:

Բագարան ոճի եկեղեցի Կիլիկյան Հայաստանում չի եղել, որտեղ ենթադրվում էր, որ եղել է դա Վինչին: Այն կառուցվել է Արևելյան Հայաստանում Ախուրյան գետի աջ ափին 624-631թթ., և միայն այնտեղ նկարիչը կարող էր գտնել և գծագրել եկեղեցու նախագիծն իր օրագորւմ: Այդ ոճում է կառուցված նաև Էջմիածնի եկեղեցին: Այդպիսի եկեղեցիներ կառուցվել են Եվրոպայում, և նրանց շինարարները հայեր են եղել: Այսպիսով, վարկածն այն մասին, որ դա Վինչին այցելել է միայն Կիլիկյան Հայաստան, չի հաստատվում: Նրա “The Codex Atlanticus” օրագրում նկատել են նաև երկու էջեր, որոնց վրա նկարիչը հայելանման արտացոլել է հայկական տառերը և պատմել իր այցելության մասին Տավրոսի լեռներ:

Որոշ պատմաբաններ համաձայն չեն այն կարծիքի հետ, որ դա Վինչին ճանապարհորդել է Հայաստանում: Նրանք կարծում են, որ նրա օրագրում գտնված հայկական տառերը և Տավրոսի լեռների նկարագրությունն աշխարհի վերջի մասին վեպի նախաբանն են, որը դա Վինչին պատրաստվում էր գրել:

Սակայն Տավրոսի լեռների, Էրզրումի, Տիգրիս և Եփրատ գետերի նկարագրությունը դրանց նկարների հետ թույլ են տալիս ասել, որ նա շատ լավ ճանաչել է Հայաստանը:

Հոդվածի հեղինակը պնդում է, որ Լեոնարդո դա Վինչին ոչ միայն լավ ծանոթ է եղել հայկական արվեստի հետ, այլ նաև ոգեշնչվել է դրանից իր “Խորհրդավոր ընթրիքը” նկարի ստեղծման ժամանակ: Դեռևս 1038թ. Վանի դպրոցում գտնված հայկական աստվածաշնչյան մանրանկարը` պատմության մեջ առաջին և միակ նկարը, որը Քրիստոսի աշակերտների շարքում պատկերել է Մարիա Մագդաղենացուն, որը գլուխը դրել է Քրիստոսի ուսին:

Հնարավոր է` դա Վինչին ոգեշնչվել է հենց այս պատկերից` իր “Խորհրդավոր ընթրիքի” ստեղծման ժամանակ պատկերելով Քրիստոսի աշակերտներից մեկին, որը կառուցվածքով կնոջ է նման:

Եվս մեկ հին հայկական մանրանկար Արցախից` 13-14-րդ դդ, պատկերում է Հիսուսին` շրջապատված 11 առաքյալներով (պատկերված են միայն գլուխները): Նկարի վրա առանձին պատկերված է Մարիա Մագդաղենացին, սակայն պարզ է, որ նա լրացնում է Քրիստոսի 11 աշակերտներին:

Երրորդ մանրանկարը` “Վերածնունդ”( 1287թ, Կիլիկիա), պատկանում է Թորոս Ռոսլինին և ներկայացնում է Հիսուսին, որն իր մոր` Մարիամի հետ մտնում է դրախտ: Տեսարանի ներքևում պատկերված են ոչ թե 13, այլ 12 առաքյալներ: Այստեղ նույնպես ներկայացված է Մարիա Մագդաղենացին:

Բոլոր երեք նկարները ստեղծվել են “Խորհրդավոր ընթրիքի” ստեղծումից առաջ և պատկերել են Մարիա Մագդաղենացուն որպես Քրիստոսին շատ մոտ մարդ: Այդ նկարները եղել են Կիլիկիայից, Վանից և Արցախից, այսինքն` Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Հայաստանից: Շատ հավանական է, որ իր ճանապարհորդության ընթացքում նկարիչը կարող էր տեսնել և ոգեշնչվել դրանցից:

Այդպիսի նկարներ, հնարավոր է, շատ են եղել, սակայն Հայաստանի հսկայական մշակութային ժառանգությունը կորսվել է դարերի պատերազմների և արշավանքների արդյունքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---