Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ռոլան Բլումը բարձրացրել է ջավախահայության խնդիրները

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ռոլան Բլումը, Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակության կազմում 2010թ. ապրիլի 13-16-ին Թբիլիսի կատարած այցի շրջանակներում, Վրաստանի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ընթացքում բարձրացրել է ջավախահայության իրավունքների ոտնահարման խնդիրը: Պատգամավորի կողմից նշվել է, որ վրացական իշխանությունները չեն լուծում ջավախահայության առջև ծառացած խնդիրներն էթնկիական փոքրամասնությունների պաշտպանության եվրոպական ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

Իր հանդիպումների ընթացքում պրն Բլումը հատուկ կենտրոնացել է վրացական իշխանությունների կողմից շինծու մեղադրանքներով 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի վրա: Ֆրանսիացի խորհրդարանականի կողմից նշվել է, որ վրացական իշխանությունները, հետապնդելով ջավախահայ ակտիվիստին, առաջնորդվում են ակնհայտ քաղաքական շարժառիթներով: Վրացական պաշտոնյաները չեն ընդունել պատգամավորի փաստարկները՝ փորձելով համոզել պրն Բլումին, որ Վահագն Չախալյանը «մի սովորական խուլիգան» է, որը կրում է իր «արժանի» պատիժը:

Ներկայացնելով Վրաստան այցի շրջանակներում Ջավախքի խնդիրների շուրջ իր ունեցած քննարկումների արդյունքները՝ պրն Բլումը հավաստիացրեց «Երկիր» միությանը, որ նա շարունակելու է ջավախահայության իրավունքների պաշտպանության իր ջանքերը և մասնավորապես, քայլեր է ձեռնարկելու Վահագն Չախալյանի հարցը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2010թ. ապրիլի 26-30-ի նստաշրջանում բարձրացնելու ուղղությամբ, հաղորդում է “Երկիր” միությունը:

Ջավախք

Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր:

Սակայն թուրքական տիրապետության հաստատումը զգալի ազդեցություն ունեցավ Ջավախքի ազգային կազմի վրա: Աստիճանաբար, երկրամասի քրիստոնյա բնակչությունը, եւ առաջին հերթին հայ բնակչությունը, նվազում էր, իսկ դրա փոխարեն ավելանում էր մահմեդական բնակչության քանակը, հիմնականում լազերի եւ չերքեսների հաշվին: 18դ. վերջում Ջավախքը կորցրեց իր բնիկ հայ բնակչության զգալի մասը, որի մի հատվածը տեղափոխվեց այլ տարածքներ, իսկ մի մասն ուղղակի ոչնչացվեց:

Ջավախքի միացումը Ռուսաստանին մեծ նշանակություն ունեցավ հայ բնակչության նորմալ կյանքի եւ գործունեության համար: Երկրամասը դարձավ Կովկասի առեւտրի ու արհեստագործության ամենամեծ կենտրոններից մեկը, Կարապետ Բագրատունու ջանքերով բացվեց Մեսրոբյան հայտնի դպրոցը: Ջավախքում են ծնվել եւ մեծացել հայ ժողովրդի բազմաթիվ ականավոր գործիչներ` գրողներ Դերենիկ Դեմիրճյանն ու Վահան Տերյանը, ԵՊՀ առաջին ռեկտոր Հակոբ Մանադյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության սպարապետ Ռուբեն Տեր-Մինասյանը եւ շատ ուրիշներ: Հայաստանի Հանրապետության չորս վարչապետներից երկուսը` Հովհաննես Քաջազնունին եւ Համո Օհանջանյանը եւս ծնունդով Ախալքալաքից են:

1921թ. փետրվարին Ջավախք կրկին ներխուժեցին թուրքական զորքերը: Վրացական զորքերը, ինչպես եւ 1918թ., կրկին ոչ մի օգնություն ցույց չտվեցին այդ շրջանի հայ բնակչությանը, որը ստիպված էր սեփական ուժերով դիմադրել թուրքական զորքերին: Թուրքական զորքերի ներխուժման, սովի եւ հիվանդությունների արդյունքում 1918-1921թթ. Ախալքալաքի շրջանում զոհվեց հայ բնակչության շուրջ 50 տոկոսը:

Ներկայումս Ջավախքի հայերը պայքարում են Վրաստանի կազմում ինքնավարության հասնելու համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---