Տավուշի մարզում շահագործման է հանձնվել Հայ-ֆրանսիական բարեկամության ջրանցքը

Տավուշի մարզում շահագործման է հանձնվել Հայ-ֆրանսիական բարեկամության ջրանցքը

PanARMENIAN.Net - Հայաստանի Տավուշի մարզում մայիսի 22-ին տեղի ունեցավ Հայ-ֆրանսիական բարեկամության ջրանցքի բացումը: «Ջրանցքի բացումը թույլ կտա Տավուշի մարզի գյուղական համայնքներին զարգանալ, ինչը հնարավոր չէր նախկինում, երբ ջրի բացակայության պատճառով հողատարածքների մեծ մասը չէր մշակվում»,-ասել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Ըստ նրա, մարզերի համաչափ զարգացման ծրագիրը Հայաստանի կառավարության առաջնայնություններից է, ուստի ոռոգման համակարգի վերականգնումը մարզերում հետևողական է լինելու:

Իր հերթին Ֆրանսիայի արդյունաբերության զարգացման նախարար, Օ դը Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը նշեց, որ Տավուշի մարզը մեծ ներուժ ունի` հավելելով, որ Հայաստանը կարող է լիովին ապահովել իրեն գյուղմթերքով և սննդամթերքով, եթե դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն:

Ջրանցքի բացմանը ներկա էին նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Տավուշի մարզի մարզպետ Արմեն Ղուլարյանը և այլ պաշտոնյաներ:

15կմ երկարությամբ Հայ-ֆրանսիական բարեկամության ջրանցքի շնորհիվ ոռոգելի կդառնան Խաշթառակի, Լուսահովիտի, Դիտավանի շուրջ 600 հեկտար հողատարածքները: Ջրանցքը վերականգնվել է և ընդլայնվել է Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին հատկացված միջոցներով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---