23 մայիսի 2010 - 17:01 AMT
Ֆրանտիշեկ Միկլոշկո. Եվրոպայի ճակատագիրը որոշվում է Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է Սլովակիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոյին և Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանին, ովքեր հանրապետություն են ժամանել խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել Սլովակիայի անաչառ մոտեցումը Արցախի Հանրապետության համար կարևորագույն իրադարձության կապակցությամբ, ինչի լավագույն դրսևորումներից է նման փորձառու քաղաքական գործչի ներկայությունը Արցախի ԱԺ ընտրություններում:

Ֆրանտիշեկ Միկլոշկոն իր հերթին ընդգծել է, որ մեծ կարևորություն է տալիս ԼՂՀ-ում ժողովրդավարության զարգացմանը` հավելելով, որ Եվրոպայի ճակատագիրը որոշվում է Արցախում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր: