Արմեն Ռուստամյան. Պատշաճ աշխատանքի դեպքում կարելի էր կասեցնել Եվրախորհրդարանի բանաձևը Ղարաբաղի վերաբերյալ

Արմեն Ռուստամյան. Պատշաճ աշխատանքի դեպքում կարելի էր կասեցնել Եվրախորհրդարանի բանաձևը Ղարաբաղի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ղարաբաղի գծով Եվրախորհրդարանի բանաձևի առաջին պատճառն այն է, որ հայկական կողմը բավական ակտիվ չպայքարեց Եվգենի Կիրիլովին զեկուցող նշանակելու դեմ: «Ես ի սկզբանե ծանոթ էի բանաձևի տեքստին: Այդ առիթով մենք նամակ հղեցինք սոցիալիստների խմբակցության նախագահին Եվրախորհրդարանում: Մեր աշխատանքի արդյունքում հաջողվեց հասնել նրան, որ զեկույցից հանվեցին որոշ` հայկական կողմի համար բացասական, դրույթներ: Սակայն, մենք տեսնում ենք, որ բանաձևում այնուամենայնիվ կան կետեր, որոնք խեղաթյուրում են իրականությունը»,-հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Ըստ Ռուստամյանի, հայկական կողմը պետք է պատվիրակություն գործուղի Եվրախորհրդարան, որը կներկայացնի Հայաստանի դիրքորոշումն այս բանաձևի վերաբերյալ: »Եվրախորհրդարանը պետք է հասկանա, որ նման բանաձևը վնասում է իր իսկ հեղինակությանը»,-նշել է Ռուստամյանը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, հնարավոր էր արդյոք կասեցնել բանաձևի ընդունումը` Ա.Ռուստամյանը նշել է. «Ես կարծում եմ, որ բավական ջանք գործադրելու դեպքում, հնարավոր կլիներ կասեցնել այդ բանաձևը»: Իր հերթին Ս.Նիկոյանը նշել է, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ղարաբաղյան խնդիրը քննարկման առարկա չլինի տարբեր միջխորհրդարանական ձևաչափերում: «Քանի որ այդ կառույցների ներկայացուցիչները հիմնականում իրազեկ չեն ԼՂՀ խնդրին, իսկ Ադրբեջանը կարողանում է օգագործել նման լսարանների զգացմունքները»,-ասել է նա:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---