3 հունիսի 2010 - 16:16 AMT
Թուրքիան և Իսրայելը նախապես պայմանավորվել են բախման իմիտացիա ստեղծել

«Ազատության նավատորմի» միջադեպը նախօրոք և մանրամասն պլանավորվել է Անկարայի և Թել Ավիվի կողմից: Նրանք պայմանավորվել են կոնֆլիկտի և վատ հարաբերությունների իմիտացիա անել: Այդ մասին Կովկասի իսնտիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային նոր պահպանողական շարժման (ԱՆՊՇ) առաջնորդ Էդուարդ Ափրամյանը: Նրա խոսքերով, թուրքերի մոտ ստեղծելով ձևական բողոքի ալիք, Իսրայելը փորձում է Իրանում և արաբական աշխարհում թուլացնել հակաիսրայելական տրամադրությունները և դրանով գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը Թուրքիայում տիրող հակասիոնիստական միտումների վրա: Բայց, Ափրամյանի կարծիքով, թուրք-իսրայելական հարաբերություններում երբեք լուրջ խնդիր չի լինի:

Իր հերթին, Սերգեյ Մինասյանն ասաց, որ Մերձավոր Արևելքում ներկա ճգնաժամը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: «Թուրքիայում իշխող AKP կուսակցության քաղաքականությունն ուղղված է Մերձավոր Արևելքում թուրքական գործոնի ակտիվացմանը և հենց դրանով է պայմանավորված Իսրայելի հետ հարաբերությունների ձևաչափի փոփոխությունը»,- ասել է քաղաքագետը, ավելացնելով, որ քիչ հավանական է կարծում Իսրայելի և Թուրքիայի միջև ռազմական գործողություններ սկսելը: Նրա կարծիքով, այս միջադեպը թույլ կտա Թուրքիային ստանալ Իրանի և արաբական աշխարհի աջակցությունը: Սերգեյ Մինասյանն առաջարկեց ուշադրություն դարձնել Բաքվի դիրքորոշմանը թուրք-իսարյելական հարաբերություններում: «Այս միջադեպն ադրբեջանական ղեկավարության համար անհարմար իրադրություն ստեղծեց: Ստիպված լինելով պաշտպանել մահմեդական համերաշխությունը` Բաքուն փորձում է հեռավորություն պահպանել Թել Ավիվի հետ»,- ասել է քաղաքագետը: Խոսելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` Էդուարդ Ափրամյանն ընդգծեց, որ Ցեղասպանության հարցն արդեն խաղարկվել է այդ երկրում: «Իսրայելի համարՀայոց ցեղասպանության հարցն ավելի գլոբալ խնդիր է, քան Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հարցը: Իսրայելի կողմից այդ փաստի ճանաչումը տեղավորվում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և նույնիսկ Ադրբեջանի հետ հարաբերությունների շրջանակում»,- ընդգծել էԱփրամյանը: