// IP Marketing video - START// IP Marketing video - END

Լևան Կոգուաշվիլի. Վրաստանը շատ ազնվական երկիր է, բայց շատ վատ վիճակում է գտնվում

PanARMENIAN.Net - «Ինձ շատ հաճելի է Երևանում գտնվել, և այս կարճ ժամանակահատվածում ես հասկացա, թե որքան ընդհանուր բան կա մեր երկրների միջև: Ես գտնում եմ, որ մշակութային առումով շատ կարևոր է ֆիլմերով փոխանակվել»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշել է վրացի ռեժիսոր Լևան Կոգուաշվիլին: Նրա խոսքով, «Ոսկե ծիրան» յոթերորդ փառատոնում ինքը ներկայացրեց իր առաջին լիամետրաժ ֆիլմը: «Փողոցային օրեր» ֆիլմը բացահայտում է թմրամոլության խնդիրը: Ռեժիսորը նշել է, որ իր ֆիլմերում փորձում է արծարծել սոցիալական խնդիրներն ու պատմել մարդկային պատմություններ:

Խոսելով Վրաստանում թմրադեղերի հետ կապված իրավիճակի մասին` Լևան Կոգուաշվիլին նշել է, որ թմրադեղերի համատարած օգտագործման ալիքն անցել է, և այժմ երիտասարդությունը սկսել է գիտակցել բոլորովին ոչ ռոմանտիկ թմրամոլության վտանգները:

Պատասխանելով ֆիլմի գլխավոր դերակատարի հասցեին ուղղված գովասանքին` ռեժիսորը նշել է, որ նա պրոֆեսիոնալ դերասան չէ, այլ Վրաստանում հայտնի դիզայներ` նշելով, որ այդ դերին հաստատված դերասանը հրաժարվեց մասնակցել ֆիլմին նկարահանումների մեկնարկից մեկ շաբաթ առաջ: «Նյու-Յորքում ֆիլմի ցուցադրության ժամանակ շատ ճիշտ նկատվեց, որ գլխավոր հերոսի տեսքը չափազանց ազնվական է թմրամոլի համար և հարցրեցին, թե արդյոք նա ինձ համար Վրաստանն է խորհրդանշում: Եվ ես իսկապես նկատեցի նմանությունը. Ես միշտ ասել եմ, որ Վրաստանը շատ ազնվական երկիր է, զգացվում է նրա ազնվացեղությունը, բայց նա շատ վատ վիճակում է գտնվում»,- նշել է Լևան Կոգուաշվիլին:

PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին Լևան Կոգուաշվիլին պատասխանել է, որ իր սիրելի ռեժիսորներից մեկը հանճարեղ Արտավազդ Փելեշյանն է: «Այնպիսի բանաստեղծականություն, որպիսին Արտավազդ Փելեշյանի կինոներում կա, չես հանդիպի ոչ մի այլ ռեժիսորի մոտ»,- ընդգծել է Կոգուաշվիլին:

 Ուշագրավ
Ավելի վաղ նա շախմատ խաղացող հայերի լուսանկար էր հրապարակել և նշել, որ նոր նախագիծ է նախապատրաստում
Այն կպայքարի մրցանակի համար «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում
«Ազնավուրը բացարձակ արտիստ է, նա երգեր է գրել նաև ֆիլմերի համար, նաև մեծ դերասան է, սցենարներ է գրել»,-ասել է «Սեզարի» նախագահ Ալեն Թերզյանը
Ցուցահանդեսը մեկտեղում է ժամանակակից կերպարվեստը, քանդակագործությունը, լուսանկարչությունը, տեսանյութեր