Ֆրիդրիկ Թոր Ֆրիդրիքսոն. «Ոսկե ծիրանը» միակ արգասաբեր փառատոնն է աշխարհում

Ֆրիդրիկ Թոր Ֆրիդրիքսոն. «Ոսկե ծիրանը» միակ արգասաբեր փառատոնն է աշխարհում

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը` հուլիսի 18-ին պաշտոնապես ավարտվեց «Ոսկե ծիրան» 7-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը: Փակման և մրցանակների հանձնման արարողությունն անցկացրեց Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր Սերժ Ավեդիկյանը:

Միջազգային ժյուրին 5 անվանակարգերում մրցանակներ հանձնեց լավագույն ֆիլմերին: «Խաղարկային կինո» անվանակարգում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը ստացավ թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմը: «Ոսկե ծիրանը» միակ արգասաբեր փառատոնն է աշխարհում»,- նշել է «Խաղարկային կինո» անվանակարգում ժյուրիի նախագահ, աշխարհահռչակ իսլանդացի ռեժիսոր Ֆրիդրիկ Թոր Ֆրիդրիքսոնը` մրցանակը հանձնելով ռեժիսորի ներկայացուցչին: Այս անվանակարգի «Արծաթե ծիրան» մրցանակին արժանացավ Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմը: «Վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթեց երիտասարդ ռեժիսոր Պավել Կոստոմարովի «Երկուսով» ֆիլմը: Նա նաև 1 մլն դրամի չեկ ստացավ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանից: Այս անվանակարգի «Արծաթե ծիրան» մրցանակին արժանացավ Վադիմ Յենդրեյկոյի` «Հինգ փղերով կինը» ֆիլմը:

«Հայկական համայնապատկեր» մրցույթում լավագույնը Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմն էր: Ռեժիսորներին նաև 1 մլն դրամի չեկ հանձնեցին: «Արծաթե ծիրանն» այս անվանակարգում ստացավ Կոմս Շահբազյանի «Այստեղ` ներքևում» ֆիլմը: Ժյուրին հատուկ մրցանակի արժանացրեց Նիկոլայ Դավթյանի «Քեռի Վալյա» ֆիլմը` նվիրված խաղարկային ու անիմացիոն կինոյի նկարիչ-բեմադրող Վալենտին Պոդպոմոգովին: «Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր աճեցրել են այս հիանալի պտուղը` «Ոսկե ծիրանը»,- նշել է այս անվանակարգի ժյուրիի նախագահ, կինոգետ և պրոդյուսեր Արմեն Մեդվեդևն իր ողջույնի խոսքում:

FPRESCI-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակ ստացավ Յասմիլա Ժբանիչի «Ճանապարհին» ֆիլմը «Էկումենիկ կամ եկեղեցիների ֆիլմ» անկախ ժյուրիի մրցանակը հանձնվեց Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմին, իսկ պատվոգիրը` Ալեքսեյ Պոպոգրեբսկուն` «Ինչպես անցավ այս ամառը» ֆիլմի համար: Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակ շնորհվեց Մարատ Սարգսյանի «Լեռնավան» կարճամետրաժ ֆիլմին, որը լավագույնը ճանաչվեց նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում: Փառատոնը փակեց Սերժ Ավեդիկյանի «Շների կղզի» անիմացիոն ֆիլմը, որն այս տարի Կաննում Ոսկե արմավենու ճյուղի արժանացավ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---