Վրաստանի ղեկավարությունը սկսել է Ջավախքի հայաթափման քաղաքականություն վարել

Վրաստանի ղեկավարությունը սկսել է Ջավախքի հայաթափման քաղաքականություն վարել

PanARMENIAN.Net - Ջավախքում Վրաստանի ղեկավարությունն իրագործում է հայաթափման նոր քաղաքականություն, որը «սպիտակ ցեղասպանություն է»: Թբիլիսիում արդեն հաստատվել է Ջավախքի հայկական դպրոցների նոր ուստարվա ծրագիրը, որտեղ հայոց լեզվի ու գրականության ժամերը կրճատվել են 2 անգամ: Այդպիսով, հայոց լեզվի դուրս մղման քաղաքականության արդյունքում հայոց լեզվի դասաժամերը խորհրդային շրջանի համեմատ կրճատվել են 5 անգամ, իսկ հետխորհրդային շրջանի համեմատ` 2 անգամ: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցակա միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Ըստ Թորոսյանի, Վրաստանի իշխանությունների այս քայլի նպատակն է հայոց լեզվի դուրս մղումը Ջավախքից, ինչը ազգային փոքրամասնությունների իրավունքների կոպիտ խախտում է: «Վրաստանի ղեկավարության հակահայկական քաղաքականությունը անցնում է բոլոր սահմանները»,-հայտարարել է պատգամավորը:

Ինչպես նշել է Թորոսյանը, մեկ այլ անընդունելի երևույթ է այն, որ Վրաստանի հատուկ ծառայությունները կազմել են հայոց լեզվի ու պատմության ուսուցիչների ցուցակը, որոնց առանց բացատրությունների զրկում են աշխատանքից: «Նրանց նույնիսկ արգելվում է աշխատել մեկ այլ պաշտոնում Վրաստանում»,-ասել է Թորոսյանը` հավելելով, որ նման գործողություններն ուղղված են ջավախահայության ազգային նկարագրի աղճատմանը: «Այս պահի դրությամբ Ջավախքում այնպիսի հետապնդումների համակարգ է ներդրվել, ինչպիսին չկար նույնիսկ խորհրդային տարիներին` Ստալինի օրոք»,-ասել է նա:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե որն է Հայաստանի դերը Ջավախքում ստեղծված իրավիճակը շտկելու գործում, Շիրակ Թորոսյանը նշել է, որ հայկական կողմը պետք է վրաց իշխանությունների հետ հանդիպումներում արծարծի ջավախահայության խնդիրները: «Այսինք, դարձնի այդ հարցը երկկողմ օրակարգի հիմնական հարցերից մեկը: Ես հուսով եմ, որ Վրաստանի իշխանություններն, ի վերջո, նույնպես կհասկանան, թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ այդ քաղաքականությունը Վրաստանի համար»,-ասել է Թորոսյանը:

Ջավախք

Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր:

Սակայն թուրքական տիրապետության հաստատումը զգալի ազդեցություն ունեցավ Ջավախքի ազգային կազմի վրա: Աստիճանաբար, երկրամասի քրիստոնյա բնակչությունը, եւ առաջին հերթին հայ բնակչությունը, նվազում էր, իսկ դրա փոխարեն ավելանում էր մահմեդական բնակչության քանակը, հիմնականում լազերի եւ չերքեսների հաշվին: 18դ. վերջում Ջավախքը կորցրեց իր բնիկ հայ բնակչության զգալի մասը, որի մի հատվածը տեղափոխվեց այլ տարածքներ, իսկ մի մասն ուղղակի ոչնչացվեց:

Ջավախքի միացումը Ռուսաստանին մեծ նշանակություն ունեցավ հայ բնակչության նորմալ կյանքի եւ գործունեության համար: Երկրամասը դարձավ Կովկասի առեւտրի ու արհեստագործության ամենամեծ կենտրոններից մեկը, Կարապետ Բագրատունու ջանքերով բացվեց Մեսրոբյան հայտնի դպրոցը: Ջավախքում են ծնվել եւ մեծացել հայ ժողովրդի բազմաթիվ ականավոր գործիչներ` գրողներ Դերենիկ Դեմիրճյանն ու Վահան Տերյանը, ԵՊՀ առաջին ռեկտոր Հակոբ Մանադյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության սպարապետ Ռուբեն Տեր-Մինասյանը եւ շատ ուրիշներ: Հայաստանի Հանրապետության չորս վարչապետներից երկուսը` Հովհաննես Քաջազնունին եւ Համո Օհանջանյանը եւս ծնունդով Ախալքալաքից են:

1921թ. փետրվարին Ջավախք կրկին ներխուժեցին թուրքական զորքերը: Վրացական զորքերը, ինչպես եւ 1918թ., կրկին ոչ մի օգնություն ցույց չտվեցին այդ շրջանի հայ բնակչությանը, որը ստիպված էր սեփական ուժերով դիմադրել թուրքական զորքերին: Թուրքական զորքերի ներխուժման, սովի եւ հիվանդությունների արդյունքում 1918-1921թթ. Ախալքալաքի շրջանում զոհվեց հայ բնակչության շուրջ 50 տոկոսը:

Ներկայումս Ջավախքի հայերը պայքարում են Վրաստանի կազմում ինքնավարության հասնելու համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---