
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում մենք արդեն գտնվում ենք որոշիչ փուլում, քանի որ վերջին 5-6 տարիների ընթացքում անցկացված հանդիպումները հանգեցրել են որոշակի առաջարկների: Այդ մասին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքերով, այդ առաջարկությունները Մինսկի խմբի կողմից ներկայացվել են Հայաստանին և Ադրբեջանին և հավասարակշռող էություն ունեն: «Առաջարկությունների ընդունման դեպքում կարելի է լուծել հարցը խաղաղ ճանապարհով»,- ասել է Ալիևը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին` նա ասել է, որ դա ապագայի հարց է: «Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք չի տա իր համաձայնությունն Ադրբեջանի սահմաններից դուրս Լեռնային Ղարաբաղի ցանկացած կարգավիճակի համար, և միջազգային իրավունքի նորմերը պաշտպանում են այդ դիրքորոշումը»:
Իր հերթին, Թուրքիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ նրանք Կովկասը կդարձնեն կայուն համագործակցության տարածաշրջան: «Դրա համար ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծում ստանա: Այս հակամարտությունը շարունակվում է 18 տարի, հետագայում այդպես չպետք է լինի: Դրա համար պետք է հանդիպել, քննարկումներ անցկացնել, իրականացնել երբեմն բաց, երբեմն էլ գաղտնի դիվանագիտական գործունեություն»,- ասել է Աբդուլլահ Գյուլը, հաղորդում է 1news.az-ը: