Ծաղկաձորում բացվեց «Բազե 2010» երիտասարդական հավաքը

Ծաղկաձորում բացվեց «Բազե 2010» երիտասարդական հավաքը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 23-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Բազե 2010» երիտասարդական հավաքի բացման արարողությանը: Հավաքին մասնակցում են 18-ից 30 տարեկան ավելի քան 280 երիտասարդներ Հայաստանից, Արցախից և Ջավախքից:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ողջունելով երիտասարդական հավաքի մասնակիցներին, նշել է, որ տարին առանձնահատուկ է համահայկական բնույթ ունեցող երիտասարդական միջոցառումների առատությամբ: Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը ջանքեր չի խնայի, որպեսզի խթանի երիտասարդական շարժումը Հայաստանի Հանրապետությունում: Ըստ կառավարության ղեկավարի` «Բազեի» երիտասարդական հավաքները կարող են լավագույն գործիքներից մեկը հանդիսանալ` համախմբվելու, երիտասարդական շարժման մեջ համատեղ ծրագրեր մշակելու, նոր մշակույթ ներդնելու առումով: Տիգրան Սարգսյանը միջոցառման մասնակիցներին շնորհավորել է նաև Անկախության Հռչակագրի ընդունման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ: Նրա խոսքով, օրն առանձնահատուկ է նաև նրանով, որ հայ ժողովուրդն այսօր նշում է անկախության հռչակագրի ընդունման քսաներորդ տարին: «Ձեզանից շատերը ծնվել են հենց այն օրերին, երբ մենք ձևավորում էինք Հայաստանի Հանրապետության հիմքերը: Հռչակագրի ընդունումն ունեցավ պատմական նշանակություն մեր ժողովրդի համար, որովհետև հռչակագրում ներառված էին հենց այն սկզբունքները, որոնցով հետագայում մենք կարողացանք օրենքներով, նորմատիվ ակտերով ձևավորել մեր անկախ հանրապետության հիմքերը: Այդ կապակցությամբ ցանկանում եմ բոլորիս շնորհավորել Անկախության Հռչակագրի ընդունման կապակցությամբ»,- ասել է նա:

Վարչապետն իր խոսքում ընդգծել է նաև երիտասարդության որակյալ կրթություն ստանալու կարևորությունը: Նրա խոսքով, գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում մրցակցային առավելություն ունենում են այն ազգերը, որոնք էական նշանակություն են տալիս կրթությանը և գիտելիքին: «Ժամանակակից աշխարհը, միայն զենք-զինամթերքի մրցակցություն չէ, այլ առաջին հերթին ինտելեկտուալ մրցակցություն է: Եվ մենք կունենանք պայծառ ապագա, եթե այսօրվա հերոսը լինի կրթված, ինտելեկտուալ երիտասարդը: Այդ առումով, կարծում եմ, մենք դեռևս անելիքներ ունենք»,- նկատել է ՀՀ վարչապետը:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «25 ակումբ» միջազգային կազմակերպություն նախաձեռնած «Կամավոր, անվարձահատույց արյունատվության քարոզչություն» ակցիայի շրջանակում արդեն երրորդ անգամ արյուն է հանձնել, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---