
«Հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած են ոչ միայն երկու ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթները, այլ նաև Ռուսաստանի հայկական համայնքի պոտենցիալը: Այդ հանգամանքը չի կարող չգնահատվել երկու երկրների քաղաքական վերնախավի կողմից»,- հայտարարել է «Ռուս-հայկական ընկերակցություն» մոսկովյան տարածաշրջանային կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը «Ռուսաստանի հայկական սփյուռք. ժամանակի մարտահրավերներ» միջազգային հասարակական համաժողովի ընթացքում:
Նրա կարծիքով, Ռուսաստանի հայկական սփյուռքի սերտ կապերը Հայաստանի և տարբեր երկրների համայնքների հետ զգալի գործոն են ռուս-հայկական ռազմավարական հարաբերությունների զարգացման համար: Սփյուռքը, որի հնարավորությունների նկատմամբ հետաքրքրություն են տածում տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության ամենատարբեր սուբյեկտներ, Հայաստանի էական առավելությունն է միջազգային քաղաքականության ասպարեզում: Հայկական սփյուռքի գործոնը կարող է հաշվի առնել նաև ռուս դիվանագիտությունը: «Դրա գրավականը հսկայական հետաքրքրությունն է Ռուսաստանի և ՌԴ հայկական համայնքի նկատմամբ ողջ աշխարհի հայության կողմից: Միջպետական մակարդակում Ռուսաստանի հայկական համայնքի պոտենցիալը, որպես կապող կամուրջ երկու երկրների միջև, պակաս արդյունավետ է կիրառվում, քան այլ երկրների հայկական համայնքների լոբբիստական պոտենցիալը, հատկապես ԱՄՆ-ի համեմատ: Եվ սա այն դեպքում, երբ Ռուսաստանում ապրում է աշխարհի ամենախոշոր հայկական համայնքը»,- ասել է Նավոյանը:
«Ռուս-հայկական ընկերակցություն» կազմակերպության նախագահը նաև ընդգծել է, որ ժամանակակից միջազգային հարաբերություններում սփյուռքը կարելի է անվանել արդյունավետ քաղաքականության պաշարների բազա, որն արտահայտում է պետության հզորությունը: «Այդ առումով համաշխարհային հայկական սփյուռքն ուժ է, որն ընդունակ է ազդել միջազգային գործընթացների վրա: Հայաստանը դիտարկում է սփյուռքը որպես գործոն, որն ընդունակ է ոչ միայն օգնել պետությանը և դրական միտումների զարգացմանը տնտեսական ոլորտում, այլ նաև զգալիորեն ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում: Բազմաթիվ հեղինակավոր հայ համայնքների առկայությունը տարբեր երկրներում օգնում է Հայաստանի և այլ երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է նա, գրում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը: