15 սեպտեմբերի 2010 - 17:17 AMT
Գևորգ Կոստանյան. Որևէ միջամտություն կդժվարացնի բանակցային գործընթացը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործի քննության ժամանակ դատարանը կողմերից հետաքրքրվել է, թե ինչպես կարող է ազդել ընթացիկ դատավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա:

Ի պատասխան, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հիշեցրեց, որ խաղաղ կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Որևէ այլ` այդ թվում և հնարավոր շահագրգիռ կառույցների, ինստիտուտների և մարմինների կողմից միջամտությունները կարող են ավելի դժվարացնել, առանց այդ էլ դժվար բանակցային գործընթացը ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակում: Եվ այդ մասին բազմիցս հայտարարել են, ինչպես ՀՀ կառավարությունը, այնպես էլ հակամարտության կարգավորման գործում 1992 թվականից մասնագիտացած և դետալների մեջ խորացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր Ստրասբուրգում մեկնարկեց «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի լսումները, օրվա երկրորդ կեսին տեղի կունենան մեկ այլ` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները: ՄԻԵԴ Մեծ պալատի քննությանն անցած երկու գանգատներն էլ առնչվում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հետ, մասնավորապես` հակամարտության ակտիվ փուլում քաղաքացիների սեփականության իրավունքների հետ կապված խնդիրների հետ: